ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը վստահեցնում է, որ նկուղը, որտեղ այսօր առավոտյան տեղի է ունեցել ողբերգական պայթյունը, քիմիական նյութերի պահեստ չի եղել։
«Նկուղը նկուղ է մնում։ Որևէ լաբորատոր սարքավորում նկուղում դրված չէ։ Ես նկուղի հետ գործ չունեմ։ Իմ գործը երկրորդ, երրորդ, չորրորդ հարկերում է»,– լրագրողների հետ զրույցում ասաց դեկանը։
Ղոչիկյանը հրաժարվեց որեւէ մանրամասներ հայտնել դեպքից։
«Որտեղի՞ց պետք է իմանամ՝ հոսանքի տատանում եղել է, թե ոչ։ Եթե սարքավորումներն անջատում են, տատանումներ լինում են, չեն անջատում, չեն լինում։ Ես ֆակուլտետի պահակը չեմ, ընդամենը դեկան եմ, տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել նկուղում։ Ամեն ինչ կվերջանա, և կհետաքրքրվեմ»,– ասաց դեկանը։
Ղոչիկյանի խոսքով, նկուղը ծառայել է որպես Կանաչապատման բաժնի աշխատակիցների համար հանդերձարան. «Վիրավորները Կանաչապատման բաժնի բանվորներ են եղել, որոնք նկուղում ամեն օր իրենց հագուստները փոխում են, գործիքները վերցնում ու դուրս գալիս աշխատանքի»։
Արդյոք դեկանը բացառում է, որ պայթյունը տեղի է ունեցել որևէ փորձարկման հետեւանքով՝ լրագրողի հարցին ի պատասխան, դեկանը «մուտիլովչիկի» մասին անեկդոտ պատմեց։
Հիշեցնենք, որ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09.37-ին, Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, որի հետևանքով կան տուժածներ։ Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում։ Եվս 3 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ նախարարությունը հայտնեց, որ սենյակը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նախատեսված է պոմպակայանի համար եւ ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ, ըստ պաշտոնական տվյալի, հրդեհ չի եղել:











