Մենք հայրենիքի զգացողություն չունենք, անանձնական սեփականության զգացողություն չունենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Մենք, ցավոք, տառապում ենք այդ հիվանդությամբ. Հայ ազգը գոնե վերջին հարյուրամյակում ապացուցել է, որ ինքը պետականություն ստեղծող հասարակություն եւ ինքնություն չէ: Մենք ի վիճակի չենք հայկական պետականություն ստեղծելու: Մեզ համար պետականությունը օգտվելու երեւույթ է: Պետությունը մեզ պետք է, որ օգտվենք: Իսկ հայկական պետականությունից դժվար է օգտվել, դրա համար ավելի լավ է հայկական պետականություն չլինի: Ես բազմիցս ասել եմ՝ եթե մի ազգի ցեղասպանությունը չխրատեց, ուրիշ ոչ մի բան չի խրատի»,-ասաց նա:
«Մենք պատրաստ չենք զոհվելու ոչ Աստծո համար, ոչ՝ հայրենիքի: Օտար պետությունների համար պատրաստ ենք, 300 հազար զոհ կտանք: Նույնքան զոհ տվել ենք Առաջին համաշխարհային պատերազմում ռուսական կայսրության համար՝ տարբեր ճակատներում: Նույնքան զոհ տվել ենք երկրորդ համաշխարհային պատերազմում, բայցվ սեփական հայրենիքի համար զոհ տալու պատրաստ չէինք»,- նկատեց Աջապահյանը:
Հարցին՝ ինչ զարգացումներ է տեսնում այս իրավիճակում, նա պատասխանեց. «Ոչ մի լավ բան չեմ տեսնում: Թեեւ այդ լավի հնարավորությունը կա, բայց ազգն այդ ներուժը չունի:
Հիմա տարածվում է, ասում են՝ արցախցիները չկռվեցին, մենք ինչո՞ւ պետք է կռվեինք: Սրանից ավելի ճղճիմ, ավելի հանցագործն, անբարոյական արտահայտություն հնարավոր չէ պատկերացնել: Էս մի բուռ երկիրը «իմ ու քո» ենք անում: Դա նշանակում է՝ սեփականության զգացողություն չունենք»,- ընդգծեց Շիրակի թեմի առաջնորդը:
Նա կանխատեսեց, որ Հայաստանը գնալու է դեպի էրմենիստանացման, եւ միակ «մխիթարությունն» այն է, որ ինքն այդ ժամանակ չի լինելու, քանի որ դա դանդաղ պրոցես է. «Անունը կմնա, բովանդակությունը կպարպվի եւ հայերը կլինեն հանդուրժվող փոքրամասնություն այս երկրում: հայերը վտանգի զգացողություն չունեն, շարունակում են 1,5 երեխա ունենալ: Վտանգի զգացողություն չունեն, որովհետեւ այլընտրանք ունեն՝ արտագաղթը: Եթե չլինի այդ այլընտրնքը, էս երկիրը երկիր կդառնա»,- ընդգծեց նա:











