Հակամարտությունը Ղարաբաղը չէ, այն հայ-ադրբեջանական է, և Լեռնային Ղարաբաղը այս հակամարտության առանցքն է։ Սակայն դեռևս առկա են էքսկլավների և Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապերի, միջանցքային տրամաբանության, սահմանագծման և սահմանազատման խնդիրներ։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Սա նշանակում է արդյոք, որ պատերազմն անխուսափելի է։ Չէի ասի, որ նման հնարավորությունը հարյուր տոկոսանոց է, բայց քանի դեռ հակամարտությունը չի լուծվել, քանի դեռ չի հայտնվել որոշակի գործիչ, ինչի հետ բոլորը համաձայն են, այս հարցը բաց է։ Իհարկե, նման հնարավորություն կա»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը, ըստ փորձագետի, Ալիևը փորձում է առաջ մղել իր «հողահավաքի» իմիջը։
«Նա լրացուցիչ լեգիտիմություն ձեռք բերեց։ Ստացվում է՝ նա առանց Ղարաբաղի Ադրբեջանի նախագահ է եղել, հիմա էլ փորձում է Ղարաբաղով նախագահ դառնալ։ Տարբերություն կա, և նա փորձում է այս կերպարը հաստատել և վերընտրվել որպես «հողեր հավաքած» մարդ։
Արդյո՞ք սա միայն ներքաղաքական հարթություն կլինի։ Ո՛չ, ոչ միայն ներքաղաքական։ Շատ գործոններ, այդ թվում՝ արտաքին, զարգացան այնպես, որ նրան թույլ տվեցին անել այն, ինչ արեց 2023 թվականին։ Առանց դրա անհնարին կլիներ երրորդ, ամենակարճ ղարաբաղյան պատերազմը»,- ընդգծել է Մարկեդոնովը։
Նրա խոսքով, և՛ Մոսկվան, և՛ Արևմուտքը շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։
«Սակայն հարցն այն է, թե ովքեր են լինելու խաղաղ կարգավորման շահառուները, իսկ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի է ունենում ինչ-որ տեղ մոտակայքում։ Անհնար է ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը, եթե պատրաստվում ես պատերազմի։ Եթե պատրաստվում եք խաղաղության, ապա ապաշրջափակում: Բայց սա նաև բարդ հարց է՝ ով, ինչպես և ինչ կոնֆիգուրացիաներով է բացելու հաղորդակցությունները և ով է լինելու շահառուն։ Խնդիրն անորոշ վիճակում է»,- ասաց քաղաքագետը։
Նա կարծում է, որ խոշոր խաղացողները չեն կարող ինչ-որ ընդհանուր գիծ զարգացնել, քանի որ Ուկրաինայի հարցը նրանց շատ է բաժանում դեպի տարբեր կողմեր։
«Քանի դեռ այս դիմակայությունն ընկալվում է որպես արժեքային, էկզիստենցիալ պայքարի տեսակ, ես Եվրասիայում նորմալ, պրագմատիկ զարգացման շանս չեմ տեսնում։ Հենց որ այս սակրալությունը վերանա, և պրագմատիզմը բացվի, մենք հնարավորությունների պատուհան կտեսնենք Կովկասում»,- եզրափակեց փորձագետը։











