Ինչու են իշխանությունները Հայաստանը տարբեր ուժային կենտրոնների բախման կենտրոն դարձնում: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ դիմելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Մեր հիմնական խնդիրն է տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց խուսափելը»,-ասաց Քոչարյանը։
Նկատելով, որ աշխարհակարգի վերադասավորում է տեղի ունենում և այդ ֆոնին աջակցող հայտարարություններ են հնչում ԵՄ-ից և Մեծ Բրիտանիայից՝ Քոչարյանը նշեց, որ Հայաստանից հնչող հայտարարությունները մտահոգող են։
«Հայաստանից ամենաբարձր մակարդակով կատարվող հայտարարությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ կապված, թվում է, թե արվում է ճիշտ հակառակը՝ մեզ հենց այս բախման կետ դարձնելու, այս շահերն այստեղ հակադրելու նպատակով, որը չափազանց վտանգավոր է մեր երկրի համար։ ԱԳՆ-ն չպետք է առաջնորդվի հանրային տրամադրություններով, նայի թե վերջին հարցումներն ինչ են ցույց տալիս, թե երկրի հանդեպ ինչքան վստահություն կա, այլ Հայաստանի շահերից ելնի և նրա քաղաքացիների շահերով առաջնորդվի»,-ասաց Քոչարյանը՝ հարցնելով, թե ինչքանո՞վ է այդ քաղաքականությունը տեղավորվում խաղաղության խաչմերուկի համատեքստում։
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ եղած աշխարհակարգն արեն չկա, փլուզվել է: Այդ աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Մենք ապրում ենք մի շրջան, երբ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք: Հանուն արդարության պետք է նկատել, որ այդ մոտեցումը այսօր որոշ դեպքերում լավ էլ արդարացված է:
Կանխատեսելով այդպիսի իրավիճակներ, երկները սկսում են համագործակցություններ, հիմնադրում են ռազմաքաղաքական դաշինքներ, այդ թվում երկկողմ: Մենք արել է երկուսն էլ, մենք ունենք եւ երկկողմ ռազմաքաղաքական դաշինք, եւ մաս ենք բազմակողմ դաշինքի՝ ՀԱՊԿ-ի: Հիմա երբ ռազմական հարձակում է եղել Հայաստանի վրա, մենք փորձել ենք դիմել այն մեխանիզմներին, որոնց մաս ենք մենք: Եվ տեսել ենք, որ դրանք չեն աշխատում ոչ արագությամբ, ոչ ամբողջ ծավալով, չեն աշխատում անգամ քաղաքական արձանագրման մակարդակում: Այս պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը չկա, հարեւանությամբ կան կողմեր, որոնք առաջնորդնվում են «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով, դու պարտավոր ես կառավարել այդ իրավիճակն այնպես, որ այդ մարտահրավերները քեզ չոչնչացնեն: Օրինակ, կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, կողմեր, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը»,-ասաց նա:
ԱԳ նախարարը հայտարարեց, որ այն պահին, երբ ՌԴ-ի հետ պետք է աշխատեր տարիներ շարունակ հստակեցված դաշնակցային հարաբերությունները՝ դրանք չեն գործել և հիմա Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգային համակարգը։











