Ի՞նչ է իմ ընկալմամբ վաղը նախապատրաստվում. Վաղը, իմ ընկալմամբ, քանի որ այս շարժումը սովորություն ունի կրկնել այն ամենը, ինչը մենք արել ենք 2018-ին, նոր բան չեն կարողանում հորինել, ես ենթադրում եմ, որ փորձելու են բեմադրել այն օրը, երբ վարչապետ Փաշինյանը փորձեց գալ իր աշխատավայր: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դա իրենք փորձեցին անել գիշերը՝ փորձելով սադրել ոստիկաններին: Ոստիկաններն ասացին՝ խնդիր չկա, եւ իրենք կարող են ներս գալ, եւ խնդրեցին, որ ժողովուրդը մի քիչ հետ գնա: Իրենք դրան չգնացին: Դրա փոխարեն Կանադայի քաղաքացին ասաց, որ ինքն ուզում է ներս մտնել, բնական է՝ իրեն թույլ չտեցին:

Որպես ԱԺ նախագահ՝ ես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն այդ միջոցով սադրել մեր ոստիկաններին: Որևիցե պատգամավորի արգելված չէ մտնել իր աշխատավայր»,-ասաց ԱԺ նախագահը:

Խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին՝ ԱԺ նախագահը հայտարարեց. «Կրկնում եմ, հարգելի՛ քաղաքացիներ, զե՛րծ մնացեք սադրանքներից և մի՛ տրվեք բոլոր այն ստերին, որոնք ձեզ ասում են, հրահրում են, ոգևորում են, որպեսզի իրենք՝ իրենց մանդատներով պաշտպանված, ձեզ տանեն, ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»: