Մեզ վրա վաճառում էին ճանապարհների ապաշրջափակում, զարգացում, իսկ այս ընթացքում ինչ արեցին, ծախեցին Արցախն ամբողջությամբ, իբր ճանապարհները բացվելու են, սակայն այդ փուչիկը պայթեց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, Երեւանի Աջափնյակ համայնքում լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Հիմա ինչ խնդիր են  դրել մեր առջեւ, Սահմանադրության փոփոխություն, իսկ Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է պետության վերացում, չգոյություն։ Պահանջում են հրաժարվել Արցախից, Ցեղասպանությունից, ամեն ինչից։ Իրենց խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ Անկախության հռչակագիրը, ինչը նշանակում է վերացնել մեր պետության հիմնադրույթները, իղձերն ու երազանքները, նշանակում է Հայաստանի Հանրապետության չգոյություն։ Կդիտարկեն որպես տարածք, որը պատրաստ կլինի վերածվելու «Արևմտյան Ադրբեջան»-ի»,-ասել է նա:

Պատասխանելով այն նկատառմանը, որ իշխանությունը այս դրույթի հանելը ձեռքբերում են համարում, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ այս իշխանությունների համար Արցախ հանձնելն էլ, Տավուշից տարածքներ հանձնելը, ամեն ինչ ձեռքբերում է:

«Այդ մարդիկ անկենսագիր, անհայրենիք, անուղեղ մարդիկ են։ Նույն Հովիկ Աղազարյանն էր ասում, որ պարգևավճար եմ ստանում, որպեսզի տան համար հիփոթեքով վերցրած 50 հազար դոլարը փակեմ։ Վաղը, որ մեկ միլիոն կամ հարյուր հազար տան, ուրիշ բան էլ է տեղը տալու՝ իր ընտանիքի անդամներով հանդերձ։ Սա է այդ մարդկանց չափանիշը»,-ասել է Սրբազանը։