ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման աջակիցներն իրենց հետ խաղալիք դաշնամուր էին բերել՝ ակնարկելով այն, որ ՀՀ նախագահը իր աշխատանքը թողած ժամանակ առ ժամանակ դաշնամուր է նվագում:
«Միակ հաջողված գործն է, որ նախագահն իր պաշտոնավարման ժամանակ արել է: Դաշնամուր է նվագել եւ գիտեք, որ պանիխիդաների հայտնի մասնագետ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցների նպատակն էր թույլ չտալ, որ ՀՀ նախագահը ստորագրի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը նախօրեին վավերացվեց ԱԺ-ում:
Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը:











