Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը որևէ շրջանում շատ լուրջ մտադրություն է ունեցել Հայաստանի հետ կնքելու խաղաղության պայմանագիր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
«Հակառակը, օգտագործելով այդ խաղաղության պայմանագրի թեզը, Ադրբեջանը մի շարք ձեռքբերումներ է ունեցել, սկսած նրանից այդ անօրինական սահմանազատումը, բազմաթիվ այլ խնդիրներ, մի շարք թեզեր նաև այսօր փորձում է փաթաթել մեր երկրի, մեր ժողովրդի վզին: Հիշեցնեմ այդ սահմանադրության փոփոխություն իրենց պատկերացմամբ ռևանշիստական տրամադրություններից հրաժարում և այլն, Ադրբեջանը բավականին հմտորեն օգտագործում է այդ հանգամանքը, որ իբր թե նա վարում է խաղաղ բանակցություններ, ստանալու իր մաքսիմալիստական պահանջների բավարարումը։ Իսկ ինչու՞ Հայաստանում տեղի ունեցավ այդ խեղկատակությունը, այդ SMS-յան հրաժարականների ալիքը, որով կարծես թե բանը, ողջ հանրապետությունը ապրում է, ենթադրում է՝ ով, ում, ինչ է գրել, ինչու է գրել և այլն։ Այստեղ ես կարծում եմ, մի փոքր այլ պատճառաբանություն կա, սա ավելի շատ իմ գնահատականով կապված է ներքին գործընթացների հետ, ի վերջո ներկայիս իշխանավորները զգում են, որ կամաց-կամաց ժողովրդի վստահությունը իրենց նկատմամբ նվազում է։ Ընտրություններ էլ հեռու չեն, բավականին տարածված է նաև խոսակցությունը, որ հավանական է արտահերթ ընտրություններ, այս իրավիճակում կարծում եմ, այդ ջղաձգային քայլերը հիմնականում դրանով են պայմանավորված, որովհետև ներկայիս իշխանությունները իրենք իրենց ողնոծուծով պոպուլիստական իշխանություններ են, և պոպուլիստների համար ժողովրդի համակրանքը, ժողովրդի սատարումը դա օդի պես բան է։ Հիմա այն, ինչ որ տեղի է ունենում, դա փորձ է համոզել ժողովրդին, որ մենք այսօր ունենք ինչ են ասում, Նիկոլ երկուսի հետ, նրա նոր ռեբրենդ արած տարբերակի հետ, այստեղ նաև այդ սափրման հանրահռչակ պատմությունն է, այստեղ նաև ինչ-որ նոր խոսույթներ են, այստեղ նաև պարբերական ջղաձգային ճղճղոցներն են կառավարության նիստերի ժամանակ: Սա ցույց է տալիս, որ թագավոր բարի է, իսկ նրա վասալները, նրա ծառաները վատն են և բարի թագավորը կպատժի բոլոր չար ծառաներին, և այստեղից միակ եզրակացությունը՝ կեցցե΄ թագավորը»,-ասաց նա։
Միրզոյանը չի կարծում, որ երկրի վարչապետը ուներ ինչ-որ մի հստակ ծրագիր։
«Ասենք թե քայլ մեկով մենք հաստատում ենք խաղաղություն, քայլ երկուսով անում ենք այս բանը, այն բանը և այլն։ Հակառակը, նրա արդեն մոտավորապես վեց տարի է, չէ՞, նա գտնվում է իշխանության մոտ իշխանության մեջ, դրա ողջ քաղաքականությունը վկայում է նրա մասին, որ չկա հետևողականություն, չկա նպատակին ուղղված քայլերի հստակ մի շարք, հաջորդականություն։ Որոշումները ընդունվում են իրավիճակային պահի տակ, չգիտեմ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, և դա հանգեցնում է նրան, որ ուղղակի այսօր պետական համակարգը հայտնվել է մի այնպիսի վիճակում, որ ինքն էլ չգիտի, թե ինչ պետք է անել»,-ասաց նա։
Արցախի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակն է ստանալ մի Հայաստան, որը չի կարողանա երբեւէ սպառնալիք ներկայացնել Ադրբեջանին:
«Ես կրկնում եմ, Ադրբեջանի նպատակը ոչ թե ունենալ ինչ-որ մի թուղթ, Ադրբեջանի նպատակն է ստանալ Հայաստանից մաքսիմալ զիջումներ։ Եվ այդ առումով իրենք հասկանում են, որ բավականին պարարտ հող ունեն, բավականին դեռևս ստանալիք ունեն։ Ադրբեջանը ակնհայտ է և դրա մասին իրենք հայտարարում են, որ Ադրբեջանը նպատակն է մի Հայաստան, որը երբեք չի կարողանա որևէ սպառնալիք ներկայացնի Ադրբեջանին։ Մի Հայաստան, որը կլինի, կոպիտ ասած, ադրբեջանական սատելիտ, նրա շուրջը գոյություն կունենա, ամբողջությամբ կախված լինելով Ադրբեջանից, դա է Ադրբեջանի նպատակը»,- նշեց նա՝հավելելով, որ Ադրբեջանի նպատակն է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ որպես ինքնուրույն միջազգային սուբյեկտ:











