Գերմանիայում զգացել են, որ այլևս չեն վայելում ամերիկյան հովանու պաշտպանությունը, Եվրոպան այլևս զրկվել է Միացյալ Նահագների պաշտպանությունից ու աջակցությունից, երբ վարում էր մի քաղաքականություն, որին Եվրամիության մի մասը չէր ցանկանում աջակցել։ Դա վերաբերում է նաև ուկրաինական ճգնաժամի լուծմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է եվրոպացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
Ըստ նրա՝ Գերմանիայում ներկայում քաղաքական որոշում է քննարկվում՝ հեռանալ ԱՄՆ-ից, քանի դեռ այնտեղ Թրամփն է կառավարում, և փորձել համաշխարհային հարթակում Եվրոպայոից կենսունակ, առանձին խաղացող կերտել, զինել, ստեղծել նոր ռազմարդյունաբերական համալիր համակարգեր, համաեվրոպական բանակ, ամրապնդել ընդհանուր պաշտպանությունը և նոր աշխարհակարգում դառնալ անկախ բևեռ։
«Հարցն այն է, թե ինչպես դա իրականացնել: Հենց այստեղ էլ սկսվում են խնդիրները: Եվրոպայում կառուցվածքային փոփոխությունների համար նման գումար գործնականում չկա։ Եթե Գերմանիան փող գտնի Եվրոպայի նման վերակազմավորման համար, ապա Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կգնան այս ուղղությամբ, և այդ ժամանակ Եվրոպան ԱՄՆ-ից անկախանալու ուղղությամբ կարևոր քայլեր կձեռնարկի։ Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ Գերմանիան ևս փողը սպառվում է: Բացի դրանից, Եվրոպայում կան Հունգարիայի նման երկրներ, որոնք չեն աջակցի նման ընթացքին։ «Նույնիսկ լեհերը չեն գնա դրան», - նշել է Ռարը:
Միևնույն ժամանակ, Հարավային Եվրոպան ևս կգնա իր ճանապարհով և չի գժտվի Թրամփի հետ, համարում է նա։
«Այդ որոշումը, որը կընդունի Գերմանիայի գործող կառավարությունը, կնշանակի ուկրաինական զինված ուժերին աջակցության ավելացում։ Հույս կա, որ Ուկրաինան դեռ կվերադարձնի իր տարածքի զգալի մասը, և այսպես կոչված «Յալթա 2» համաձայնագիրը Պուտինի և Թրամփի միջև չի կայանա։ Եվրոպան Գերմանիայի կառավարության բերանով ամեն ինչ կանի, որպեսզի ուկրաինացիները կապիտուլյացիա չունենան։ Թեև, ըստ իս, նրանք հիմա կապիտուլյացիայի եզրին են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ճնշման տակ։ Ուստի մենք կարող ենք խոսել միայն Գերմանիայի կարճաժամկետ գործողությունների մասին»,- ընդգծել է փորձագետը։
Նա չի բացառել, որ Մերցը Taurus հրթիռներ կմատակարարի Կիևին, թեև դա մարտադաշտում իրավիճակը չի փոխի։
«Գերմանիան պետք է համաձայնի աջակցել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծումներին և ընդունել Թրամփի ծրագիրը։ «Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելը պատրանքային է, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ եվրոպական երկրների մեծ մասը չեն համաձայնի դրան»,- ասել է Ռարը:
Նրա գնահատմամբ՝ բոլոր եվրոպական երկրներում, առանց բացառության, իշխող վերնախավ նկատմամբ դժգոհություն կա, մարդիկ սկսել են զգալ, որ փոփոխությունների ժամանակը եկել է:
«Գերմանիայում, ինչպես եվրոպական այլ երկրներում, տնտեսական ճգնաժամ է։ Դա հանգեցնում է նրան, որ մարդիկ քաղաքական համակարգում փոփոխություններ են պահանջում։ Գերմանիայում այս ֆոնին ի հայտ է եկել այլընտրանք ուզող բողոքի ընտրազանգված և դա առաջարկում է «Այլընտրանք Գերմանիայի համար» անունը կրող կուսակցությունը»,- եզրափակել է քաղաքագետը։











