Ադրբեջանցի տաքսիստներն այսօր` հունվարի 16-ին, Բաքվում` Տրանսպորտի նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի հրաժարականը: Այդ մասին գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Աղբյուրը հայտնում է, որ ակցիային մասնակցել են մոտ 500 տաքսիստներ: Նրանք ակցիան կազմակերպել են «Հրաժարական», «Քյաբաբ ուտողները մեզ սոված են թողնում» կարգախոսներով: Ակցիային միջամտել են իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք մի քանի ցուցարար են ձերբակալել եւ տարել բաժանմունք:
Նշենք, որ Ադրբեջանի Տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել շրջանառությունից հանել խորհրդային ավտոմեքենաները եւ արգելել այդ ավտոմեքենաներ վարող տաքսիստների գործունեությունը: Նման պայմաններում հազարավոր ընտանիքներ կզրկվեն իրենց ապրուստի միջոցներից:


















