Նոր ուսումնական տարվա մեկնարկը երեխաների և ծնողների համար ոչ միայն ուրախալի, այլև հաճախ սթրեսային իրադարձություն է։ NEWS.am-ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակում հոգեբան, հոգեթերապևտ Տաթևիկ Մամյանը նշեց, որ հատկապես այս շրջանում ծնողների մոտ ուժեղանում է մեղքի զգացումը, որն անմիջականորեն կապված է ծնողի համոզմունքների և պատկերացումների, սպասելիքների չարդարացման հետ:

«Ծնողն  ունի իր սեփական համոզմունքները և պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի իր երեխայի ուսումը, առաջադիմությունը,  ինքը որպես ծնող ի՞նչ պետք է անի երեխայի համար, ինչպես պետք է երեխայի պահանջմունքները բավարարի, լինի ուշադիր, լինի այնտեղ, որտեղ պետք է, հանկարծ սխալ թույլ չտրվի այդ ամբողջ ուսումնական ընթացքի մեջ, հանկարծ երեխան հետ չմնա մյուս երեխաներից և այլն: Սակայն իրականությունը միշտ չէ, որ համապատասխանում է սպասելիքներին և ի հայտ է գալիս մեղքի զգացումը: Ծնողը մտածում է՝ արդյոք ինչ-որ բան սխալ է անում, արդյոք երեխային թերի ուշադրություն է դարձնում, կամ արդյոք քիչ ժամանակ է հատկացնում նրան: Այստեղից էլ ծնողի մոտ առաջանում է ուսումնական պրոցեսին միջամտելու, երեխայի փոխարեն ինչ-որ բան անելու ցանկությունը»,-նշեց Մամյանը:

Մասնագետի խոսքով՝ կարևոր է գտնել հավասարակշռություն երեխային օգնելու և նրա փոխարեն ամեն ինչ անելու միջև․ «Երեխան դպրոցում ստանում է ոչ միայն գիտելիք, այլև սովորում է ինքնուրույնություն, սոցիալական հարաբերություններ։ Ծնողները պետք է թույլ տան, որ երեխան փորձի, սխալվի և սովորի իր սխալներից»։

Մամյանի կարծիքով՝ մեղքի զգացումը կարող է նաև խորանալ ժամանակի պակասի պատճառով, երբ ծնողները չեն հասցնում բավարար ուշադրություն դարձնել իրենց երեխաներին։ Այդ դեպքում, ըստ նրա, պետք է կենտրոնանալ ոչ թե քանակի, այլ որակի վրա․ անգամ կարճատև, բայց ջերմ շփումը ավելի արժեքավոր է, քան նյութական փոխհատուցումը։

«Երեխայի հետ որակյալ ժամանակ անցկացնելը շատ կարևոր է։ Երբ նա ուզում է կիսվել որևէ բանով, ծնողի ուշադրությունը հենց այդ պահին պետք է լինի ամբողջական։ Դա է ամրացնում վստահությունն ու առողջ հարաբերությունները»,– ընդգծեց հոգեբանը։

Հարցազրույցի առաջին մասում Տաթևիկ Մամյանը պատասխանում է, թե որքանո՞վ է մեղքի զգացումը ժառանգաբար փոխանցվող վարքագծային մոդել՝ «սերունդների մեղքի շղթա», որո՞նք են այն քայլերը, որոնք կօգնեն աղթահարել մեղքի զգացումը, հատկապես՝ երիտասարդ ծնողների համար, ի՞նչ է տեղի ունենում, երբ ծնողը չափազանց շատ ուշադրություն է դարձնում երեխային, ինչպե՞ս պահել հոգատարության և ազատության միջև բալանսը։

Իսկ հաղորդման երկրորդ հատվածում հոգեբանը պարզաբանում է, թե ինչու՞ են այսօր երեխաների մոտ հաճախ առաջանում ուշադրության կենտրոնացման դժվարություններ, ի՞նչ տարբերություն կա ակտիվ և հիպերակտիվ երեխայի միջև, ի՞նչ դեր ունի գենետիկան և ինչ դեր ունի շրջապատը ակտիվության զարգացման մեջ։ Ինչպես նաև հոգեբանը խորհուրդ է տալիս, թե ինչպե՞ս պետք է ծնողները արձագանքեն երեխայի գերրկտիվ վարքագծին՝ առանց ճնշելու երեխայի անհատականությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: