Մարդիկ, ի վերջո, հավատում են նրան, ինչին ցանկանում են. ես բոլոր քայլերը անելու եմ, որպեսզի օբյեկտիվ պատկեր ներկայացնեմ, որ այդ ամենը ինձ հետ կապ չունի, այդ թվում նաև միջազգային փորձաքննության դիմելը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով ենթադրաբար իրեն վերաբերող տեսանյութերին։

Նա ընդգծեց, որ հաղորդում չի ներկայացրել Քննչական կոմիտե, քանի որ քննչական կոմիտեի նկատմամբ վստահության խիստ դեֆիցիտ գոյություն ունի. «Եթե ես Քննչական կոմիտեի, ընդհանրապես քննչական, արդարադատության մարմինների նկատմամբ վստահության ուղերձ ուղարկեմ, ապա ես պետք է համակերպվեմ այն իրականության հետ, որ այսօր Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, Սամվել Կարապետյանը իսկապես արդարադատության, քննության իրականացման արդյունքում արդարացիորեն  ազատազրկված են։ Բայց մենք բազմաթիվ հայտարարություններ արել ենք, որ դա ապօրինի ազատազրկում է, ընդամենը քաղաքական պատվեր է։ Այդ ինստիտուտները դարձել են քաղաքական իշխանության կցորդը և սպասարկում են  բացառաբար քաղաքական օրակարգեր»,–ասաց նա։

Անդրադառնալով կաթողիկոսի՝ զավակ ունենալու մասին թեմային, Բագրատ Սրբազանն ասաց. «Այս հարցը օրակարգ բերելը ունի մեկ նպատակ վարկաբեկել եկեղեցին և արհեստական օրակարգեր ստեղծել։ Ես ուղղակի համոզված եմ, որ երկրի ղեկավարը խորապես արհամարհած ունի ցանկացած մեկի անձնական կյանքը և որևէ մեկի անձը։ Իրեն բացարձակապես չի հետաքրքրում, որ կաթողիկոսը զավակ ունի, զավակ չունի, Արշակ Սրբազանը ունի ինտիմ հարաբերություններ, չունի ինտիմ հարաբերություններ»։

Ճշտող հարցին՝ հիմա կաթողիկոսը զավակ ունի՞, թե ոչ, Սրբազանը պատասխանեց. «Հարցին ուղիղ չեմ պատասխանի, որովհետև դա գռեհիկ հարց է և ես չեմ ցանկանում, որ մեր լրագրողները սպասարկեն իշխանությունների կողմից հրապարակ նետված գռեհիկ հարցադրումները։ Այս հարցադրումները հրապարակից ուղղակի պետք է դուրս նետվեն։ Ամեն անգամ, երբ այսպիսի հարցադրումներ են հնչում, ես մտածում եմ, որ դա պատվիրակված հարցեր են, որովհետև եթե մեկը ինձ իրավունք է վերապահում ուղղել հարցեր, որոնք կոռեկտ չեն, դա ինձ վերաբերում է վերապահում նաև փոխադարձ հակընդեմ հարց ուղղել իրենց ինտիմ կյանքի վերաբերյալ, այդ թվում նաև իրենց սեռական կողմնորոշմանը։ Ես կարող եմ ցանկացած այդպիսի հարցադրման դեպքում կասկած արտահայտող հարցադրումներ անել, արդյո՞ք դուք ավանդական սեռական կողմնորոշման կրող եք, թե ոչ։ Արդյո՞ք դուք ձեր կնոջը կամ ձեր ամուսնուն դավաճանել եք, կամ ոչ։ Ես չեմ կարծում, որ այս հարցադրումները կոռեկտ են»։