Ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնք չեն ուզում հիշել ինչ է եղել 2018 թվականից առաջ, կան մարդիկ, որ իրոք չեմ հիշում, բայց 2018–ին ես իմ թիմի հետ այն քիչ մարդկանցից էի, որ փոփոխություն արեցինք Հայաստանում, որը անհնարին էր թվում, և այդ ժամանակ կարծում եմ՝ նորմալ և օրինաչափ էր, որ ես թիմի հետ այստեղ էի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չի առաջադրվել 2026–ի ընտրություններում ՔՊ–ի ցուցակում ներգրավվելու համար։
«2021 թվականին ես ներսից իմ թիմի հետ տեսել եմ՝ ինչ է նշանակում, երբ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ։ Կարող է դուք դա չեք զգացել, և ես երջանիկ եմ, որ դուք դա չեք, զգացել։ Ես դա զգացել եմ, ես դա ապրել եմ իմ ընկերների հետ ու ես հպարտանում եմ, որ մենք այդ ճգնաժամի միջով անցանք, և այդ ժամանակ թիմին լքելը նույնպես կլիներ դավաճանություն։ Պետք էր ձիգ կանգնել, որովհետև հարցը ոչ թե ՔՊ–ի կամ իշխանության մեջ էր, հարցը պետության ու պետականության կորստի մեջ էր։
Դրանից հետո, ես կարծում եմ, որ հատկապես այս տարի շատ լավ արդյունքների ենք հասել, էլի անհնարին ժանրից թվացող խաղաղության պայմանագրի նախաստորագրում է եղել։ Ես հպարտանում եմ բոլոր այն մարդկանցով, որոնք այդ ճանապարհը կարողացել են անցնել։ Մենք հիմա հասել ենք այն վիճակի, որ պետք է մարդիկ աշխատեն, երջանիկ լինեն, խաղաղ ապրեն։
Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, մեր պետությունը պետք է ծաղկի, մարդիկ պետք է լավ աշխատեն, այս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ, որտեղ որ աշխատել եմ 2018 թվականից առաջ։
Մեծ պլաններ ունեմ, ուզում եմ ստեղծագործել, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վա՞տ է»,ասաց նա։
Դիտարկմանը, որ փաստորեն ԱԺ պատգամավոր լինելը լավ ցատկահարթակ է բիզնես ոլորտ անցելու համար, Պողոսյանն ասաց. «Ես 2018–ից առաջ ես աշխատել եմ, բիզնես եմ ունեցել, շատ ավելին եմ վաստակել, քան Ազգային ժողովում եմ վաստակում։ Ես օրենքը պահպանող, հարգող պատգամավոր եմ, ես երբեք ինձ թույլ չէի տա պատգամավորական գործունեությանը զուգահեռ որևէ գործունեություն ծավալել, որովհետև դա անօրինական է և հակասահմանադրական: Հիմա ես ուզում եմ իմ ընտանիքի համար ավելի լավ ժամանակներ բերեմ, ի՞նչ մեղք ունեն իմ երեխաները»։











