Եթե ես վստահ լինեի, որ պարոն Փաշինյանը վատ բան է անում կամ սխալ բան է անում, ես շատ ավելի շուտ կհեռանայի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Ես վստահ եմ, որ ինքը ճիշտ ճանապարհով է գնում, որ ինքը Հայաստանի համար լավագույնն է անում։ Դուք կարող է չեք ճանաչում այդ մարդուն, դրա համար չեք այդպիսի ռեակցիա եք տալիս, ես չգիտեմ ավելի պետականամետ և Հայաստանը ավելի շատ սիրող մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ–ում բարեվարքության կանոնագիրք է ընդունվել, ըստ որի հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանեն, Քրիստինե Պողոսյանն ասաց. «Ես երբեք ոչ մեկին չեմ հայհոյել, ես կարծում եմ՝ հայհոյանքը վատ բան է, հատկապես քաղաքական դաշտում։ Հայհոյում են այն ժամանակ, երբ սպառվում են փաստարկները, չի կարելի հայհոյել ոչ մեկին։ Նույնիսկ եթե ինձ ահավոր դուր չեն գալիս հարցերը կամ այն խայթոցները, չի կարելի հայհոյել, ոչ մեկին չի կարելի։ Հիմա եթե որևէ մեկը, օրինակ, նեղված է եղել կամ զայրացած է եղել, նման ձև է արտահայտվել, հետո ասում է՝ կներեք, ես այդպես էլ չեմ անելու, նորմալ է, մեծահոգի գտնվեք»։

Հարցին՝ երբ Նիկոլ Փաշինյանը «քեռակնոջը դոմփելու» մասին գրառում էր անում, ինքը նրան ասե՞լ է, որ դա ճիշտ չէ, ՔՊ–ական պատգամավորն արձագանքեց. «Ես կառավարական շենքում չեմ եղել որ ասեմ՝ պարոն Փաշինյան մի գրեք։ Չի եղել այդպես, որ շփում ունենամ պարոն Փաշինյանի հետ։ Որ ունենայի, հաստատ կասեի՝ պարոն Փաշինյան դուք ուրիշ մակարդակի մարդ եք, մի արեք տենց, նույնիսկ եթե զայրացած եք։ Կասեի, բայց առիթ չի եղել»։