Ես առհասարակ պատարագների չեմ գնում, շատ վաղ ժամանակ հասկացել եմ և դրա չակերտավոր մեղավորը եղել է հենց Գարեգինը և իր քահանաները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Դա 2018 թվականից հետո չի, որ եղել է։ Ես ինձ համար հասկացել եմ, որ այդ մարդիկ էտալոնը չեն, որտեղ ես պիտի պատարագի գնամ։ Իրենց վարքը նաև 30 տարվա ընթացքում բերել է ինձ այդ մտքի, որ եթե ես Աստծու հետ խոսելու բան ունեմ, իմ միջնորդը ոչ Գարեգինը, ոչ նրա նման քահանաներն են, ոչ էլ շենքը։ Եթե ես Աստծու հետ խոսելու կարիք ունեմ, ես հիմա ձեր հետ այստեղ կանգնած էլ կարող եմ Աստծու հետ խոսեմ, դրա համար ինձ պետք չի որևէ տեղ գնալ։ Աստծու տունը ամբողջ տիեզերքն է, Աստված ամեն տեղ է»,–ասաց նա։

Անդրադառնալով տարիներ առաջ իր արած արտահայտությանը, որ եթե մի տող անգամ Փաշինյանը գրեր բյուջեում, ինքը դրան կողմ կքվեարկեր, Քրիստինե Պողոսյանն ասաց. «2018 թվականի քաղաքական անփորձ մարդու արտահայտությունը, դուք շատ երկար ժամանակ շահարկեցիք։ Ի դեպ ես շատ կարևոր հարց էի բարձրացրել, ես հարցնում էի պարոն Փաշինյանին, ինչպե՞ս ենք մենք կարողանալու ազատվել Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից, ի՞նչ քայլեր ենք անելու։ Իսկ խոսքը ձևակերպելը, եթե դու փորձ չունես քաղաքականության մեջ, դա ամոթ բան չի, ես չեմ ամաչում, ես ամեն օր սովորում եմ։ Ես քաղաքական ճանապարհ չէի անցել»։