Հայաստանի կառավարությունը խիզախ քայլ կատարեց` ներդնելով կուտակային կենսաթոշակային համակարգ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն` տիկին Քերեն Հիլլիարդը:
Իր նկատառումները Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ Ք. Հիլիարդը ընդարձակ ելույթով ներկայացրել է նաեւ Երեւանում անցկացված կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված երկրորդ տարեկան համաժողովում:
Ք. Հիլլիարդի խոսքով` Հայաստանցի թոշակառուներն այլեւս չեն կարող իրենց ամսեկան թոշակով արժանավայել կյանքով ապրել: «Երբ 2014 թ. հունվարին լիովին ներմուծվի նոր համակարգը, հայաստանցի աշխատողները վերջապես կստանան իրենց «Նոր գործարքը»»,- ասաց Ք. Հիլլիարդը: «Նոր գործարք» ասելով` տիկ. Հիլլարդը նկատի ունեցավ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի քաղաքականությունը Մեծ դեպրեսիայի տարիներին (20-րդ դարի 30-ական թվականներ), որը հայաստանցիներին առավել հայտնի է «Նոր կուրս» անվամբ (New Deal): Ի դեպ` հենց Նոր կուրսի արդյունքում էլ ծնվեց ԱՄՆ սոցիալական ապահովության համակարգը:
«Աշխատողները պետք է ֆինանսապես գրագետ լինեն: Նրանք պետք է պատասխանատու լինեն իրենց ներդրած գումարների համար եւ գիտակցեն որ այն 5 տոկոսը, որն իրենք հատկացնելու են իրենց ախատավարձից, կազմելու է «Նոր գործարքի» իրենց մասը: Իսկ գործատուները պետք է սկսեն ընդունել ճիշտ կորպորատիվ կառավարման սկզբունքները: Պետք է պատմության գիրկն անցնեն հարկերից եւ սոցվճարներից խուսափելու նպատակով աշխատակցի աշխատավարձի չափը թաքցնելու եւ նրան կանխիկ գումար վճարելու օրերը»,- ասաց Ք. Հիլլիարդը:
Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա, ըստ տիկ. Հիլլիարդի, նրա խնդիրն է տեղեկացնել եւ կրթել քաղաքացիներին, զգույշ եւ թափանցիկ ձեւով կառավարել համակարգ ներդրած գումարները:





























