Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ՔԿԱԳ-ի պետ Մարիամ Մինասյանը զրպարտություն է որակում իր որդու՝ բռնաբարության եւ հափշտակության համար կասկածվելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամ Մինասյանը:

Նա կիսում է իր ամուսնու՝ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի կարծիքն այն մասին, որ այդ կնոջը ուղղորդում են: «Երեւի այդ կնոջը փող է պետք աշխատել, այդ ձեւով է աշխատում:

Փող աշխատելու համար որեւէ մեկը ուղղորդում է, թող գտնեն ում հետ է նա կապված եւ ով է սովորեցնում այս ամեն ինչը: Զոռով, համոզելով տանում է, գնում է հասարակաց տուն, երկու ժամ անց է կացնում, հետո այլ մեքենա գալիս, իրեն տանում է, դա ցույց է տալիս, որ ինչ-որ տեղ մտածված փող են ուզում շորթել»,- ասաց Մարիամ Մինասյանը:

Նա շեշտեց, որ բռնաբարության մասին խոսք չի կարող լինել, ռեստորանի տեսախցիկներն էլ ֆիքսել են, թե ինչպես իր որդուն համբուրելով, փաթաթված ներս է մտնում:

«Պետք չէ սենսացիաներ անել, ավելի լավ է թող քննությունը վերջանա, մենք պետք է այդ կնոջը դատի տանք, ինքը պետք է մարսի՞ իր արածները: Տուն, տեղ չունի, ուրիշ ի՞նչ էր սպասելի իրենից, իմ տղային ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա նման բան չէր կարող անել, ես չեմ էլ կարծում, որ էդ բոմժ կինը էն շղթան ունենա, որ իմ տղայի աչքը դրա վրա լինի, ինքը իրավաբան է, բիզնեսով է զբաղվում եւ այն ընտանիքից է դուրս եկել, որ նման բան չէր կարող անել»,- ասաց ՔԿԱԳ-ի պետը:

Նա եւս պատմեց, որ դրանից հետո այդ կինը զանգել է իր որդու ընկերոջը եւ պահանջել 4 մլն դրամ բողոքը ետ վերցնելու համար: «Եթե գիշերը խնդրում, աղաչում, գցվում է մեքենայի մեջ, որ մենակ չմնա դրսում, ինքն էլ երիտասարդ տղա է, ընտանիք չունի, չես կարող մեղադրել ոչնչում, տարել է, ժամանակ են անցկացրել, հետո ճանապարհել է, բայց բռնաբարության մասին որեւէ բան չկա»,- ասաց Մարիամ Մինասյանը:

Նշենք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել եւ այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին: Shamshyan.com-ի փոխանցմամբ,  հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոչի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Մարիամ Ն-ն հայտնել է նաեւ, որ իր ծանոթը խոստացել է, որ իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր, որտեղ հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետեւ մեկնել են «Սոճի Պլազա» որտեղ էլ իր կամքին հակառակ Ա. Գրիգորյանը բռնաբարել է իրեն ու հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Կայքի տեղեկություններով Ա. Գրիգորյանը հանդիսանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին, ով հանդիսանում է «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատեր եւ բնակվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում: