News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված Աշոտ Սուքիասյանին, հունիսի 19-ին տեղափոխել են Հայաստան եւ կալանավորել: NEWS.am-ի հետ զրույցում արքեպիսկոպոսը հույս հայտնեց, որ արդարադատությունը շուտով ամեն ինչ կպարզի:

Սրբազան հայր, տեղյա՞կ եք, որ Աշոտ Սուքիասյանին երեկ կալանավորել են:

Աշոտ Սուքիասյանին Վրաստանում դեռ հունվարի 30-ին են կալանավորել, հիմա հո նոր չեն կալանավորել:

Բայց նրան երեկ Հայաստան են տեղափոխել, տեղյա՞կ չեք: Չէ՞ որ Ձեր սանիկն է:

Չէ, տեղյակ չեմ, լսեք՝ էնպիսի ագրեսիվ հարցեր եք տալիս: Չգիտեմ, ասում եմ՝ չգիտեմ, ինչո՞ւ եք այլ հարցեր տալիս:

Միթե Ձեր սանիկի ճակատագրով չեք հետաքրքրվում:

Մենք բոլորի կյանքով ենք հետաքրքրվում, իր վիճակով նույնպես:

Իսկ ի՞նչ եք կարծում, սրբազան հայր, այսքանից հետո օֆշորային սկանդալը կբացահայտվի:

Այո, համոզված եմ, որովհետեւ Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց դրան: Միակողմանի փաստեր եւ մեկնաբանություններ էինք լսում, կամ այլ խոսքեր, իսկ հիմա մյուս կողմը կա եւ ամեն ինչ կպարզվի: Պետք է երկու կողմերին լսել:

Օֆշորային սկանդալի մեջ շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Հնարավո՞ր է Ձեզ նույնպես հարցաքննության կանչեն:

Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն հարցաքննության: Մամուլի գրածն ու Ձեր ասածը նույն բաներն են: Փաստեր են պետք եւ իրականությունը բացահայտելու գործընթաց է պետք: Մամուլն ինչ ասես գրում է, փաստեր են պետք, փաստեր:

Ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Սարգսյանն ինչ կապ ունի այս սկանդալի հետ:

Տիգրան Սարգսյանի մասին ինչո՞ւ եք ինձ հարցնում:

Մտերիմներ եք, սրբազան հայր:

Շատերի հետ եմ մտերիմ, դուք կարծում եք՝ մենք նստում ենք այդ թեմայի շո՞ւրջ ենք խոսում: Մենք երբեք այդ թեմայի շուրջ չենք խոսել, Ձեզ հավաստիացնում եմ, երբեք: Մենք ուրիշ թեմաներից ենք խոսում, այդ թեմայից ընդհանրապես չենք խոսում:

Եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք քննարկում Դուք եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մշակույթից ենք խոսում, կրոնից, բայց դա չի նշանակում, որ ամեն օր ենք հանդիպում կամ շաբաթը մեկ: Առիթից առիթ ենք հանդիպում:

Եվ վերջին հարցը, սրբազան հայր, ինչո՞վ եք պատրաստվում օգնել Ձեր սանիկին:

Աշոտ Սուքիասյանին պետք է օգնի արդարադատությունը առաջին հերթին, մինչեւ արդարադատությունը չպարզի, թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է պարզել, հստակեցնել: Մինչեւ արդատադատությունը չօգնի, ոչ մեկը չի կարող օգնել:

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանին Հայաստան են տեղափոխել հունիսի 19-ին ժամը 14:00-ի սահմաններում, իսկ երկու ժամ անց կալանավորել:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 4-ին Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել էր արտահանձնելու փաստաթուղթը:

Հարցազրույցը՝ Աիդա Հովհաննիսյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ