News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Նիկոլա Սարկոզին հունվարի 31-ին խորհրդարանական մեծամասնության առջեւ հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցով Սահմանադրական խորհուրդ դիմելու նախաձեռնությունն իրեն «արջի ծառայություն է մատուցում»: Այդ մասին France-Presse-ին հայտնել են կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության մի քանի սենատորներ, գրում է ֆրանսիական Le Monde-ը:

Պետության ղեկավարը ասել է, որ նույն աղբյուրներն իրեն ասել են, որ եթե օրինագիծը չեղյալ հայտարարվի, հաջորդը դիմելու են Հոլոքոսթի ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու համար:

Ըստ պարբերականի, Սահմանադրական խորհւորդը երկու հայց է ընդունել վարույթ, մեկը ներկայացրել են 77 սենատորներ,, մյուսը` պատգամավորների նախաձեռնությունն է, որը ստորագրել են 65 պատգամավորներ: Դիմելու համար բավարար էր երկու պալատների 60 ներկայացուցիչների ստորագրություններ:

Այս դիմումը արգելափակում է օրինագծի հաստատումը նախագահի կողմից:

Ստորագրած 77 սենատորների շարքում են Սենատի փոխնախագահ Բարիզա Կիարին (Սոցիալիստական խմբակցություն), սոցիալիստ սենատորներ Գաետան Գորսը եւ Դիդյե Բուլանը, Սենատի նախկին նախագահ Քրիստիան Պոնսելեն եւ Սահմանադրական օրենքների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Ժան Ժակ Իեստը (իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժում»):

Եվրոպական դեմոկրատական եւ սոցիալական խորհրդի (RDSE) գրեթե բոլոր սենատորները, այդ թվում Ժան Պիեռ Շեվենեմանը եւ Ձախերի ռադիկալ կուսակցության (PRG) ղեկավար Ժան-Միշել Բեկը, ինչպես նաեւ Բնապահպանների խմբավորումը (այդ թվում դրա ղեկավար Ժան Վենսեն Պլասեն եւ Մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարի-Քրիստինա Բլանդեն) եւս ստորագրել են դիմումի տակ: Հանրապետական եւ Կենտրոնական միության (UCR) անդամներից ստորագրել են Ժակլին Գուրոն (Դեմոկրատական շարժում) եւ Ժան-Լեոնս Դյուպոսը` Սենատի փոխխոսնակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր` հունվարի 31-ի առավոտյան, ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումը:

Նշենք, որ իշխող կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից առաջադրված օրինագիծը Սենատի կողմից ընդունվել է հունվարի 23-ին: 86 սենատորներ դեմ են քվեարկել, 126-ը` կողմ:

Սահմանադրական խորհուրդը կարող է գրաքննության ենթարկել օրենքը, որը համարում է հակասահմանադրական, եթե նրան դիմել են 60 պատգամավոր, 60 սենատոր, պետության ղեկավարը, Ազգային ժողովի կամ Սենատի նախագահը: Սահմանադրական խորհրդին դիմելը կասեցնում է օրենքի պրոմուլգացիայի գործընթացը:

Նշենք, որ Սահմանադրական խորհրդի գործառույթները որոշակիորեն նման են Սահմանդրական դատարանի գործառույթներին: Օրինակ, Խորհուրդը չի կարող չեղյալ հայտարարել գործող օրենքը: Այն կարող է միայն եզրակացություն ընդունել օրինագծի հակասահմանադրական լինելու մասին, այն դեպքում, եթե այն մշակման փուլում է, կամ էլ նոր է ընդունվել, բայց դեռ ուժի մեջ չի մտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ