News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտությունը չի լուծվելու: Այդ մասին հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` հանդես գալով ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում:

Փորձագետը ցույց է տվել տարածաշրջանում նոր սպառնալիքների առկայությունը: Առաջին հերթին, նա ընդգծել է սպառազինությունների մրցավազքը եւ մեծ հավանականությունը, որ Բաքուն կփորձի հարցը լուծել ռազմական ճանապարհով: Այդ կապակցությամբ, քաղաքագետը նշել է, որ պետք է էմբարգո սահմանել Ադրբեջանի կողմից զենքի ձեռքբերման հարցում:

Այնուհետեւ փորձագետը ընդգծել է Թուրքիայի կոշտացող դիրքորոշումը, Իրանի շուրջ աճող լարվածության գործոնը: Իրանի հարցում քաղաքագետը նշել է ԻԻՀ-ի դեմ հավանական ռազմական գործողությունների հետեւանքները` դա փախստականների հոսքն է, հնարավոր է նաեւ Իրանի անկանոն գործողությունները, իսկ Հայաստանը կարող է դառնալ թիրախ նման գործողությունների դեպքում: Այդ առնչությամբ քաղաքագետը հիշեցրել է Թբիլիսիում տեղի ունեցած ահաբեկչության փորձը: Նրա խոսքով, դրա հետ զուգահեռ ուժեղանալու է Արեւմուտքի ճնշումը, որը պահանջում է Հայաստանից մեծապես համապատասխանել իր չափանիշներին եւ նպատակներին:

Քաղաքագետը նշել է, որ ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններում Հայաստանը որոշակի իմաստով գործընկեր չունի. Ադրբեջանը վարում է մաքսիմալիստական քաղաքականություն` ղեկավարվելով ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով, եւ չի ցանկանում համաձայնեցման գնալ: Այդուհանդերձ, փորձագետը կարծում է, որ Թուրքիան գիտակցել է շրջափակման իր քաղաքականության ձախողումը, քանի որ Հայաստանը եւ Ղարաբաղը հարմարվեցին նաեւ այդ իրադրությանը, եւ այժմ փորձում է կարգավորել հարաբերությունները:

Միաժամանակ, Կիրակոսյանը շեշտել է, որ պետք չէ բավարարվել ձեռք բերածով, անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր: Պետք է կոնսոլիդացնել քայլերը, որոշել, թե որտեղ կցանկանայինք լինել 20 տարի հետո: Այդ ենթատեքստում նա ընգգծել է հայկական կողմի դիրքորոշման անորոշությունը, քանի որ նա մինչ այժմ հստակ չի կողմնորոշվել, թե Ղարաբաղին անկախություն է պետք, թե լավ կլինի, որ նա միանա Հայաստանին: «Լեռնային Ղարաբաղը պետք է ավելի լուրջ վերաբերվի ինքն իրեն, համոզված լինի իր ուժերում:

ԼՂ-ն մեծ պոտենցիալ ունի»,-նշել է քաղաքագետը` հավելելով, որ ներկա պահին ղարաբաղյան խնդիրը միակն է, որ միավորում է ամբողջ աշխարհի հայությանը, նույնիսկ ավելի շատ, քանի Հայոց ցեղասպանության հարցը: «Քանի որ ԼՂ-ի հանդեպ սպառնալիքը չի վերացել»,-եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ