«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:
Մեկ-երկու նախադասությամբ կբնութագրեք ձեզ:
Խաղաղ, երջանիկ ճշգրիտ մարդ, ինչ անում եմ, անում եմ սիրով եւ պատասխանատվությամբ:
Ժամանակը:
Մեզ տրված կյանքի սկիզբն ու վերջն է: ժամանակը մեր կյանքն է: Մեկ տարի առաջ իմ հրեշտակ տատիկը 99 տարեկան էր, հրեշտակ թոռնիկս` 3 տարեկան. Այսքան անվերջ է մեր ժամանակը:
Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է կերտում կյանքը:
Ճակատագիր կա, բայց մարդն ինքն է իր կյանքն ապրում եւ ստեղծում կամ ոչնչացնում տրվածը:
Ի՞նչը չեք սիրում ձեր մեջ:
Որոշակի տարիքից հետո այդ ամենը դառնում է երկրորդական, անիմաստ է: Ինչ կամ` կամ:
Ձեր առանձնահատկություն ո՞րն է:
Բնույթով ծույլ եմ, իսկ ծուլությունը տաղանդի նշան է, բայց երբ կա հստակ խնդիր եւ նպատակ, դառնում եմ մեքենա, գիշեր-ցերեկ հետեւողական աշխատում եմ: Կարողանում եմ խնդիրներ ձեւակերպել եւ որոշումներ կայացնել:
Ամենակարեւոր սկզբունքները, որ երբեւէ չեք դավաճանել:
Արժանավոր, տաղանդավոր մարդկանց կողքին լինել: Մարդու միջավայրը իր հարստությունն է: Այդ իմաստով բացառիկ բախտավոր եմ: Ընկերություն եմ արել Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Ալեքսեյ Կիրակոսյանի հետ: Այսօր Տիգրան Մանսուրյանը, Սոս Սարգսյանն են, իմ սերնդի տասնյակ տաղանդավոր մարդիկ: Կյանք եմ ապրել Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի հետ:
Ձեր գործունեության մեջ ե՞րբ եք ձեզ «ձուկը ջրում զգում»:
Երբ գիշեր-ցերեկ բանում եմ, երբ գիտեմ, որ արածս արդյունավորվում է: Բոլոր փուլերում էլ ադպիսի ժամանակ եղել է: Լավագույնը բանաստեղծություն գրելու տարիներն են:
Դավաճանված լինելու զգացողություն ունեցե՞լ եք:
Թերեւս, բայց կյանքն ամենամեծ արժեքն է, ամեն բան էլ կպատահի: Ես սովոր եմ խաղաղ, հանգիստ, փիլիսոփայորեն նայել ամեն ինչի:
Ուրախությունը ո՞նց է դրսեւորվում ձեզ մոտ:
Բարձր, անհոդաբաշխ ծիծաղով, ընկերներիս հետ կյանք ապրելով:
Իսկ տխրությունը:
Չեմ տխրում կամ ինչ-որ տարիքից հետո զվարթ տխրություն է:
Անհաջողությունները ո՞նց եք հաղթահարում:
Սիրով:
Հուսահատվու՞մ եք:
Ոչ, գուցե շատ կարճ` մի քանի րոպե:
Ո՞վ է ձեզ հիասթափեցրել եւ դուք ո՞ւմ եք հիասթափեցրել:
Ո՞ւմ եմ հիասթափեցրել. վստահ եմ` շատերին: Հիասթափվում ես, երբ մարդուց ավելին ես ակնկալել, բայց նա այդ չի եղել, չի կարողացել լինել:
Դուք Ձեզ ո՞նց եք վերաբերում:
Հանգիստ, խաղաղ, գիտեմ իմ թերություն-թուլությունները, առավելությունները: Ամբողջական եմ:
Ինքներդ ձեզ հետ հաճա՞խ եք առանձնանում:
Միշտ առանձին եմ: Բացառությամբ, երբ նույնանում ես:
Թուլություններից խոսեցիք, ո՞րն են ձեր թուլությունները:
Հազարի մեջ որն ասեմ: Թուլություն-առավելություն հաճախ նույնանում են: Ֆրանսիացի բանաստեղծի տողով` «ես ամեն ինչ տեսա` միրգ, կին եւ անապատ»:
Ի՞նչն է ձեզ ձանձրացնում:
Այլեւս ոչ մի բան, գուցե` տափակությունը: Կյանքը ձանձրալի չի լինում:
Ի՞նչն է ձեզ հունից հանում:
Ոչ մի բան:
Բարկացած ժամանակ ի՞նչ եք անում` գոռգոռալ, ձեռքը խփել սեղանին եւ այլն:
Չէ, խաղաղ եմ. եթե մարդն ապուշ է` ապուշ է. չի փոխվելու: Ինչ իմաստ նրանով զբաղվել: Փակում եմ իր էջը, ինձ համար գոյություն չունի: Վերջերս մեր քաղաքական գործիչներից մեկի հետ այդպես էլ վարվել եմ:
Ատելի մարդիկ ունե՞ք:
Ատելություն, չարություն, նենգություն. չկայացած մարդկանց զբաղմունք է:
Երբ ստում եք կամ խաբում ինչ-որ մեկին, ի՞նչ է փոխվում ձեր մեջ:
Փորձառությունը մարդուն սովորեցնում է ոչ թե սուտ ասել, այլ ասել ճշմարտությունը` ընդամենը մեկ-երկու դետալ փոխելով: Կարծես ամբողջը ճիշտ ես ասել, բայց լրիվ այլ պատկեր է ստացվում: Թերեւս փոքրիկ մեղքի քաղցր զգացողություն է մնում:
Ձեր ամենամեծ մեղքը ո՞րն է:
Ժամանակը շատ բան սրբում-մաքրում է: Վստահ եմ ` կան մարդիկ, ում հետ կյանքի այս կամ այն փուլում ճիշտ չեմ վարվել: Մեծ մեղք չեմ համարում: Կյանքը կյանք է:
Ձեր ապրած կյանքում ամենանշանակալի բանը ո՞րն է:
Ասացի` բախտավոր մարդ եմ. Նախիջեւան, 7-8 տարեկանում, մեր գյուղի սալքարերին պառկած, տեսել եմ` ինչպես է երկրագունդը պտտվում: Մի քանի ճշմարիտ բանաստեղծություն եմ գրել: Ինձնից շատերն են գոհ, քչերն են դժգոհ: Սիրել եմ ու սիրվել: Հպարտ եմ, որ արդեն 20 եւ ավելի տարի, իբրեւ պարզ կուսակցական, Հայաստանում Դաշնակցության ճշմարիտ արժեհամակարգի արմատավորման, իբրեւ պետական-քաղաքական գործիչ` անկախ պետականության կայացման մասնակիցն եմ եղել:
Այս պահի դրությամբ ի՞նչ չլուծված հոգսեր ունեք:
Կիսատ մնացած առանձնատունս ավարտել, ինձ համար կարեւոր մարդկանց կողքին լինել:
Երջանկությունը ո՞ւմ դեմքով կամ տեսքով է ձեզ այցելում:
Կյանքի:
Անընդհատ ծխում եք, է՞լ ինչն է ձեզ գրավում:
25 տարի առաջ բժիշկն ասաց` քո թոքերով ծխելը մահացու է: Սխալվում էր: Ընկերներիս հետ լինել, լիարժեք կյանքով ապրել:
Իսկ կանա՞յք:
Կանանց մասին ամեն ինչ հնարավոր չէ ասել, կիսատ ասել` չի կարելի. everything or nothing:
Առաջին սիրո խոստովանություն:
1-ին դասարանում, 4-րդ դասարանում, 7-րդ դասարանում:
Ձեր կյանքի սերերը:
Եղել են: Մեկ, երկու, երեք...հըմմմ (հաշվում է)
Ընտանիքը:
Երկու հրաշալի զավակ, երեք սքանչելի թոռնիկ ունեմ, լավ կին, հարս ու փեսա:
Հոբբիներ:
Շախմատ, թղթախաղ, գրականությունը հիմա կարող եմ արդեն հոբբի համարել:
Կազինո այցելե՞լ եք եւ ամենաշատը ինչքա՞ն գումար եք պարտվել
Եղել է: Մոլի խաղացող չեմ, ինձ համար խաղը հենց խաղ է, 300-500 դոլար շահել կամ տարվել եմ:
Ամենաթանկարժեք իրը, որ ունեք:
Նկարներ:
Փողը, հարստությունը, շքեղությունը. Երբեւէ նման բաներից նեղվե՞լ եք, կամ ասում են` դրանք փչացնում են մարդուն, ձեր վրա զգացե՞լ եք:
Ինձ սովորեցրել են. ինչքան ասես` չկա, այնքան չի լինի, միշտ գոհացիր եղածով: Կամ այնքան չեմ ունեցել, որ փչացնի, կամ ինձ վրա չի ազդում:
Վերջին կարդացած գիրքը կհիշեք:
«Չինական մեծ փոփոխությունների գիրքը«: Պարբերաբար վերընթերցում եմ Բրոդսկու հարցազրույցները, Բորխեսի պատմվածքները, Չարենց, Հրանտ Մաթեւոսյան:
Ի՞նչը կփրկեր կյանքում հերոսին, թե չլիներ կինն ու գինին:
Հերոսը դատապարտված է, հերոսին ոչ մի բան չի փրկի:
Մի անգամ...
Ինչո՞ւ մի անգամ, ամեն անգամ կյանքը հրաշալի է:
Նշենք, որ Աղվան Վարդանյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանը, բանասեր է, բանաստեղծ, լրագրող: Աշխատել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում` «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, եղել է գրողների միության քարտուղար: 2003թ. նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Պատգամավոր էր ընտրվել նաեւ 1999թ: Ամուսնացած է, ունի երկու երեխա
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ:
Շարքը` Ինգա Մարտինյանի