News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ:

Դժվար հարց եք տալիս, կարծում եմ` ինձ բնութագրողը պետք է լինի իմ շրջապատը, բայց մեկ բանում վստահ եմ, դա հետեւյալն է` դավաճան չեմ:

Ի՞նչն եք Ձեր մեջ ամենից շատ սիրում եւ ինչը չեք սիրում:

Ամենից շատ սիրում եմ պատասխանատվության զգացումը, իսկ բացասական տեսակետից` դյուրահավատությունը:

Սիրելի արտահայտություն ունե՞ք:

Այս պահին չեմ հիշում, բայց հիմնականում կապված է ավանդական արժեքների հետ, օրինակ` ընտանիք, իմաստության եւ մանուկների աշխուժության համադրում:

Կյանքը:

Կյանքը ի վերուստ տրված Աստծո կամեցողությամբ գոյության շրջան է, որտեղ դու պետք է ապրես, չկեղծես, արարես եւ կարողանաս պատմության ընթացքում եթե հնարավոր է, ապահովել դրական առաջընթաց, եթե հնարավոր չէ, ապա գոնե չխանգարել  ուրիշների կյանքի գոյությանը:

Ճակատագիր կա՞, թե՞ ամեն ինչ պատահականությունների վրա է հիմնված:

Ես այն մարդկանցից եմ, որը գտնվում է երկուսի մեջտեղում: Չլինելով ֆատալիստ` միաժամանակ կարծում եմ, որ ի վերուստ որոշակի բաներ տրված են, կանխորոշված, բայց միաժամանակ շատ հարցեր կան, որոնք ընթացքում կարող ես ուղղել:

Ե՞րբ եք լռում:

Երբ զգում եմ, որ խոսելն անիմաստ է:

Ի՞նչ կամ ո՞ւմ եք սիրում:

Սիրում եմ իմ հայրենիքը, ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր առաջնորդվում են ոչ թե սեփական անձնական շահերով, այլ հանրույթի եւ սոցիումի շահերով:

Ո՞ւմ եք խղճում եւ ինչի՞ համար:

Խղճում եմ այն մարդկանց, ովքեր դարձան փողի եւ կապիտալի գերի:

Ինչի՞ համար եք զղջում:

Զղջում եմ նրա համար, որ ժամանակի ընթացքում միգուցե կարող էի շատ ավելին անել, բայց չեմ կարողացել անել:

Ինչի՞ մեջ եք Ձեզ մեղադրում:

Մահկանացուն ինքնին արդեն մեղավորության կանխավարկածով է ծնվում: Ինձ  մեղադրում եմ մարդկային շատ թուլությունների մեջ:

Ի՞նչ թուլություններ ունեք:

Թուլությունս այն է, որ իսկապես հեշտ եմ հավատում մարդկանց, բայց նաեւ հեշտությամբ էլ հիասթափվում եմ, եւ դրա արդյունքում ստեղծագործելու ցանկությունս կորում է:

Ինչի՞ց կամ ո՞ւմից եք հիասթափվում:

Հիասթափվում եմ հատկապես այն բանի համար, երբ կարծում եմ, թե գաղափարները, մոտեցումները համապատասխանում են իրար, բայց պարզվում է, որ այդպես չէ, եւ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդհանուրի շահերով չեն առաջնորդվում, սա ինձ խորը հիասթափություն է պատճառում:

Ինչի՞ց եւ ե՞րբ եք հուսահատվում:

Հուսահատվում եմ այն ժամանակ, երբ տեսնում եմ, որ պայքարելը դառնում է անիմաստ,  բայց նաեւ փորձում եմ այդ հուսահատության մեջ մի ճիգ անել, որ ինչ-որ մի տեղ մի լուսավոր կետ բացահայտվի:

Ե՞րբ եք ստում:

Երբ ճշմարտությունն ասելն ավելի բարդ է:

Ո՞ւմ կամ ի՞նչ եք ատում:

Ատում եմ ստի, կեղծիքի, երեսպաշտության եւ դավաճանության համար ցանկացածին, ով նման բան կանի:

Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

Հավատում եմ Աստծուն, ծնողներիս, ընկերներիս, շրջապատին, կուսակցությանը եւ երկրի վաղվա օրվան:

Ինչի՞ց եք զարմանում:

Զարմանում եմ այն մարդկանց մտածողության վրա, ովքեր անընդհատ մեծ կապիտալ ունենալու ձգտումը կուրացնում է նրանց ապագան տեսնելու առումով:

Ինչի՞ց եք զայրանում եւ ինչո՞վ եք զայրացնում ուրիշներին:

Զայրանում եմ, երբ մարդը թաքցնում է իրական նպատակը եւ փորձում է անընդհատ դիմացինին խաբել, շփոթեցնել: Զայրանում եմ, երբ մարդիկ համառություն են դրսեւորում եւ ես փորձում եմ ասել այն, ինչն ինձ սխալ են հասկացել:

Ո՞րն է ձեր ամենամեծ սխալը:

Դժվարանում եմ ասել, որովհետեւ կյանքս դեռ չի ավարտվել եւ շատ-շատ սխալներ դեռ կլինեն:

Ամենաշատը ումի՞ց կամ ինչի՞ց եք վիրավորվում:

Քաղաքական գործունեության ժամանակ շատ է պատահել, երբ ակնհայտ սուտը փորձում են վերագրել ինձ: Ես դրանից որոշ ժամանակ հիասաթափություն ապրում եմ, բայց փորձում եմ դա դիտարկել զուտ կարգավիճակից բխող վարքագծային մոտեցում իմ հանդեպ, բայց երբեք չեմ ուզում վատը տեսնել, ուզում եմ նաեւ լավը տեսնել:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Տարբեր ոլորտներում տարբեր են եղել, հատկապես լավ եմ զգացել, երբ որեւէ առաջարկ կյանքի է կոչվել եւ տվել է այն արդյունքը, որը ես պատկերացնում կամ սպասում էի: Պարտության մասին թույլ տվեք չասել:

Մոլախաղերում ամենաշատը ինչքա՞ն գումար եք տարվել եւ հաղթել:

Ամենաշատը երեւի մի 1000 դրամ եմ տարվել` նարդի կամ բլոտ խաղալիս, հաղթել եմ երեւի մի 30-40 հազար դրամ:

Սիրելի հերոս:

Շատ են, հատկապես կապված են համընդհանուր պայքարի հետ, օրինակ` Սասունցի Դավիթ, ազատագրական պայքարի մասնակիցներ, օտար մշակույթից այնպիսի կերպարներ, ինչպիսին Զորոն էր եւ այլն:

Սիրելի գործեր:

Հոբիների տեսակետից ֆուտբոլ խաղալ, գիրք կարդալ, երաժշտություն լսել, խելացի, իմաստուն խոսքեր կամ խրատներ:

Հումոր, անեկդոտ:

Շատ են, ես այն մարդկանցից եմ, ովքեր առողջ հումորի եւ անեկդոտների կողմնակից են` անկախ նրանից` դրանք ցենզուրայի մեջ են, թե ցենզուրայից դուրս:

Խմիչք, ծխախոտ, եւ կանայք:

Նախընտրում եմ հայկական արտադրության կոնյակներ, լավ օղի, սիգարետ բնականաբար ծխում եմ եւ չեմ հրաժարվում նաեւ սիգարներից, հիմա էլ որոշել ենք անցնել ծխամորճի: Սիրում եմ լավ երաժշտություն, բարձր տրամադրություն, կանանց ո՞նց կարելի է չսիրել, հենց միայն կանանց է պետք սիրել, մնացածին պետք չէ:

Ընկերները:

Այդ առումով ես չափազանց շռայլ եմ, շնորհակալ եմ Աստծուց եւ իմ ընկերներից, իսկապես ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ ընկերները թանկարժեք մարդիկ են:

Ընտանիքը:

Ավանդական ընտանիք է, երեք զավակներ ունեմ:

Երեխաները:

Շնորհակալ եմ երեխաներից եւ հուսով եմ, որ այս ժողովրդի համար արժեքավոր դերակատարություն կունենան:

Հայրական ապտակ:

Հայրական ապտակ չեմ ստացել, բայց հայրական նայվածք, որը ինձ դաստիրակել է, ամբողջ կյանքում ուղղորդելու է, կա, շնորհակալ եմ հանգուցյալ հորս, որ այդպիսի հայացքով է ինձ դաստիարակել, մեկ թարս կամ վստահություն ներշնչող նայվածքը բավարար է եղել, որպեսզի անհրաժեշտ գործողություն ձեռնարկեմ կամ ձեռնպահ մնամ նման բան անելուց:

Ծեծել եւ ծեծվե՞լ եք:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով անցել է մանկության, երիտասարդության, պատանեկության շրջանը, անպայման նման դեպքերի մասնակից  կլինի, եթե ոչ ակտիվ, ապա գոնե առնվազն մեկ-երկու նման չափալախ կերել է:

Առաջին սիրո խոստովանություն:

Չեմ հիշում:

Անցած սերեր:

Դպրոցական:

Ամենամեծ սերը:

Հայրենիքիս, ժողովրդիս հանդեպ:

Կանայք:

Աստծո եւ բնության ստեղծած գեղեցիկ երեււոյթներն են, որոնց նկատմամբ պետք է համարժեք զգացողություն ցուցաբերել:

Ձեր երջանկության բանաձեւը:

Դժվար է ունիվերսալ բանաձեւ ասել, բայց կարծում եմ` մեկ բան պարզ է, միշտ անել այն եւ զբաղվել այն գործով, լինել այն միջավայրում, որը քեզ հոգեհարազատ է, երբ ինքդ քո հետ ես եւ վստահում ես քո ուժերին:

Չիրականացած երազանք:

Մի քանիսն են, բայց կարծում եմ, որ եթե բարձրաձայնեմ, ձգտումս կմարի, ավելի լավ է չասեմ:

Լինում է, չի լինում:

Լինում է, չի լինում մի աշխարհ ու մի ասպետ:

Երկնքից երեք խնձոր է ընկնում:

Մեկը ձեզ, մեկը ձեր գլխավոր խմբագրին, մյուսն էլ բոլոր նրանց, ովքեր այս պահին կարդում են այս հարցազրույցը:

Ի՞նչ կցանկանայիք ձեզ հարցնել եւ պատասխանել:

Մեկ բան` հնարավո՞ր է քիչ խոսել, պատասխանս հետեւյալն է` ձգտում եմ, ուզում եմ եւ ցանկանում եմ:

Նշենք, որ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում «հնաբնակներից է, պատգամավոր է ընտրվել դեռեւս 2007թ: Տնտեսագիտության թեկնածու է, իսկ երկրորդ մասնագիտությամբ` իրավաբան: Դասավանդել է ԵՊՀ-ում, աշխատել է նաեւ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններում, եղել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ