News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հետ:

Լեւոն Մարտիրոսյան` մարդ, ով…

Մարդ, ով ապրում է իր հայրենիքում եւ միշտ պատրաստվում է ապրել եւ արարել իր հայրենիքում եւ իր հայրենիքի համար:

Ձեր ամենաուժեղ եւ թույլ կողմը:

Իմ կարծիքով` ամենաուժեղ կողմը իմ համառ բնավորությունն է, երեւի ամենաթույլ կողմն էլ է դա:

Եթե նորից ապրեիք, ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

Ոչինչ չէի փոխի:

Կարգախոս ունե՞ք:

Ոչ, չունեմ, իսկապես ծիծաղելի է, որ մարդ կարգախոս ունի:

Ձեր կյանքի լավագույն օրը:

Իմ կյանքում շատ լավ օրեր են եղել, բայց լավագույնը օրերը, երբ ծնվել են երկու երեխաներս:

Ամենառոմանտիկ հիշողությունը:

Չեմ կարող ասել, որովհետեւ կինս կարդում է հարցազրույցներս: Բազմաթիվ ռոմանտիկ հիշողություններ ունեմ, չեմ կարող առանձնացնել:

Ձեր մասին ամենանհեթեթ առասպելը:

Որ ես հուդա-մասոնականության եւ ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչ եմ:

Չար կատակ, որ ձեզ հետ արել են, կամ Դուք եք արել:

Երբ նոր էին բջջային հեռախոսները մտել, բոլորը չունեին, ես ու եղբայրս կատակեցինք, տան դռան մոտ կանգնած զանգել էինք ծնողներիս հետ էինք խոսում, իսկ իրենց թվում էր, թե մենք արտասահմանում ենք, շատ զարմացան:

Երջանկության ձեր բանաձեւը:

Դու պետք է վստահ ապրես քո հայրենիքում եւ վստահ լինես քո եւ երեխաների ապագա օրվա նկատմամբ:

Փողը եւ հարստությունը:

Միջոց են լավ գործեր անելու, ես ինձ հարուստ մարդ չեմ համարում, ամենաղքատ մարդն էլ չեմ:

Սերեր:

Չեմ ասի:

Կանայք:

Կանայք իմ կյանքում ունեն մեծ նշանակություն, եւ  ամենամեծ նշանակություն ունեն մայրիկս եւ կինս:

Երեխաները:

Երեխաները ունեն չափազանց մեծ նշանակություն:

Հիշողություններ:

Ես դեռեւս կուտակում եմ հիշողություններ, կյանքի վերջում կամփոփեմ` ինչ  կուտակել եմ:

Գուշակների երբեւէ այցելե՞լ եք:

Ոչ, չեմ այցելել:

Ֆոբիաներ:

Վախենում եմ բարձրությունից ընկնելուց, մեկ էլ վախենում եմ, երբ ուրիշներն են ընկնում այդ բարձրությունից:

Ամենավատ սովորությունը:

Գիշերը չքնելը:

Ամենաշատը ինչի՞ համար եք ափսոսում:

Դեռեւս ոչնչի համար չեմ ափսոսում:

Ինչի՞ց եք նյարդայնանում:

Համարյա չեմ նյարդայնանում, բայց երբեմն` Երեւանի երթեւեկությունից եմ նյարդայնանում:

Սիրելի անեկդոտ:

Չեմ պատմի, ցենզուրայից դուրս է:

Չիրականացված երազանքներ:

Երեւանում առանձնատուն ունենալ:

Նշենք, որ Լեւոն Մարտիրոսյանը եւս Աժ-ում նորաբնակներներից է: Երիտասարդ է, ամուսնացած եւ ունի երկու երեխա: Իրավագետ է, միջազգային իրավունքի մագիստրոս: Աշխատել է վարչապետի օգնական եւ ՀՀ նախագահի խորհրդական: Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր է, պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով:

Նշենք, որ Լեւոն Մարտիրոսյանը ռուսական շոու-բիզնեսում հայտնի հաղորդավար եւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ