News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ:

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

Ես նախեւառաջ մարդ եմ, քաղաքացի եւ մայր: Ինձ դժվար է դատել, թե ինչպիսին եմ, որովհետեւ սովորաբար ինքդ քեզ չես կարող գնահատել, բայց ես կարծում եմ, որ նորմալ մարդ եմ, աշխատում եմ լավ ընկեր լինել, չդավաճանել իմ սկզբունքներին, լիարժեք կատարել մայրական  պարտականություններս:

Աշխարհը, կյանքը եւ Դուք:

Ես իմ առաքելությունն ունեմ այս աշխարհում, միգուցե փոքրիկ, աննկատ: Իսկ կյանքը իմաստավորված է նրանով, որ այն ունի ավարտ եւ այդ մասին միշտ պետք է հիշել:

Ճակատագիր կա՞, թե՞ մարդը ինքն է տնօրինում իր կյանքը:

Ճակատագիրը նպաստում է նրան, ինչ մարդը ցանկանում է ստեղծել, եւ ընդհանրապես Աստված օգնում է նրան, ինչ մարդն անում է, իսկ ով չի անում, նրան չի էլ կարող օգնել: Ինչ-որ տեղ կա ճակատագրի ձեռքը, բայց սովորաբար մարդ ինքն է իր քայլերով խեղում իր կյանքը, ճակատագիրը եւ դա վերագրում ճակատագրին: Մենք մեղավոր ենք լինում այն ամենում, ինչ տեղի է ունեցել մեր կյանքում եւ ինչը դեռ կարող է լինել:

Ձեր բնավորության ամենաուժեղ կողմը:

Իմ ամենաուժեղ կողմը համառությունն է եւ օպտիմիզմը, ես միշտ հավատում եմ այն ամենին, հանուն ինչի պայքարում եմ եւ աշխատում:

Ձեր թերությունները:

Թերություններ երեւի շատ ունեմ, ամենաարտահայտվածը, որը ես տեսնում եմ, այն է, որ մի քիչ շատ եմ հավատում մարդկանց:

Ձեր ուրախությունը:

Ինձ շատ փոքրիկ առիթներով կարելի է ուրախացնել` վիշտ չլինի եւ հաճելի ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ում սիրում եմ:

Ձեր տխրությունը:

Տխրում եմ, երբ ինձ մոռացված եմ զգում, երբ ինձ կարեւոր չեմ զգում, լինում են նաեւ նման պահեր:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Այդ մասին ես կաշխատեմ լռել:

Ի՞նչ չեք ներում ինքներդ ձեզ:

-Ամենադժվարը ինքդ քեզ ներելը, աշխատում եմ այնպիսի բաներ չանել, որի համար ստիպված պիտի լինեմ ինձ ներել կամ չներել: 

Ի՞նչը կփոխեիք ձեր մեջ:

Միշտ փոխելու ցանկություն կա, երեւի թե 3-4 տարին մեկ աշխատում եմ այնպես փոխվել, որ ինքս ինձ նորովի տեսնեմ, սիրում եմ սանրվածք փոխել, սիրում եմ ոճս կատարելագործել, սիրում եմ, երբ նկատում են, երբ ես փոխվել եմ դեպի լավը:

Ինչի՞ց եք զարմանում:

Անհանդուրժողականությունից, մարդկային չարությունից:

Ձեր մասին ամենամեծ սուտը:

Երեւի թե եղել է, բայց կաշխատեմ այդ մասին չխոսել, որովհետեւ կանանց մասին միշտ կարելի է գտնել այնպիսի սուտ, որին մարդիկ կհավատան:

Լավագույն մարդը:

Հայրս:

Զայրանում եք, երբ…

Ինձ չեն հասկանում, երբ ես ճիշտ եմ, բայց փորձում են իմ ճշմարտությունը չտեսնել, զայրանում եմ, երբ ինձ խաբում են:

Թուլություններ:

Բավական էմոցոինալ եւ զգացմունքային մարդ եմ:

Հոգսեր:

Բազմաթիվ, բազմաբնույթ, բայց տանելի:

Խենթություններ:

Բազմաթիվ, սիրում եմ խենթ լինել, խախտել բոլորի համար ընդունված ինչ-որ բաներ, բայց առանց վնասելու  մեկ ուրիշի:

Հպարտությունը:

Այսօրվա սերնդի լավ հատվածն է, ում հետ կարող ենք երկրի ապագան կապել:

Երջանկությունը:

Երջանկությունը շատ հարաբերական զգացողզություն է, անկանխատեսելի, այսօր երջանիկ ես, վաղը կարող ես լրիվ դժբախտ զգալ, բայց հույս ունենալով, որ վաղը նորից կարող ես երջանիկ լինել: Լիարժեք բացատրություն չունի:

Ամենառոմանտիկ օրը:

Չեմ կարող մտաբերել, երեւի եղել են, ես պահի դրությամբ ուրախացող մարդ եմ, ինձ համար ռոմանտիկ է մի հատ ծաղիկը, որ նվիրում է մարդ, ումից ակնկալում ես:

Չսիրելի զբաղմունքներ:

Այն ինչը չեմ հասկանում, չեմ սիրում զբաղվել, այդպիսի շատ շատ բաներ կան, ես շատ շատ բաներից դեռ ոչինչ չեմ հասկանում:

Սերեր:

Առանց սիրո մարդը իրեն լիարժեք զգալ չի կարող: Ես սիրո բերկրանքը զգալու առիթ ունեցել եմ, երբ մարդը սիրված է, սիրում է եւ կարեւորված է, կարողանում է այդ զգացողությամբ լիարժեք աշխատել, լիարժեք զգալ իրեն: Չեմ կարծում, որ ես այն կանանց տեսակն եմ, որը կարողէ  չսիրել եւ չսիրվել:

Տղամարդիկ:

Շատ կարեոր են մեր կյանքում, ինչպես եւ մենք նրանց, մենք լրացնում ենք նրանց, նրանք` մեզ:

Ընտանիքը:

Ընտանիքը կարեւոր է, եթե այն կայացած է:

Երեխաները:

Երեխաները մեր կյանքի ծաղիկներ են, իսկ ծնողները` երեխաների կյանքի շարժիչ ուժը:

Հաճելի անակնկալ:

Անսպասելի եւ ցանկալի հյուրի այցելություն:

Անելանելի իրավիճակ:

Դա այն իրավիճակն է, երբ ոչինչ չես կարող փոխել, օրինակ` երբ կյանքից գնում են ամենակարեւոր մարդիկ ու դու ոչինչ չես կարող փոխել:

Կինը գեղեցկությա՞մբ, թե՞ խելքով է հասնում հաջողությունների:

Երկուսն էլ պետք է ներկա լինեն կնոջ մեջ: Կնոջ մեջ պետք է լինի արտաքին եւ ներքին գեղեցկություն, հմայք, խելք: Ոչ մի գրոշ չարժե այն գեղեցկությունը, որը չի առաջնորդվում խելքով:

Ամենաթանկ նվերը, որ ստացել եւ նվիրել եք:

Ակնկալում եմ, որ ամենաթանկը ես կստանամ եւ կնվիրեմ:

Ամենաշատն ո՞ւմ եք բարկացնում եւ ո՞վ է ամենաշատը ձեզ բարկացնում:

Երեւի թե կան մարդիկ, ում բարկացնում եմ, նրանք էլ ինն են բարկացնում, բայց ամենաշատ զիջում եմ իմ աղջիկներին:

Երազանքներ:

Ես երազում եմ ունենալ մի երկիր, որտեղից մարդիկ երբեք չցանկանան գնալ, իսկ հեռացողներն էլ մտածեն վերադառնալու մասին: Անձնական բնույթի երազանքների մասին կինը սովորաբար չի խոսում:

Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանը եւս ԱԺ-ում նորաբնակներից է, ամուսնացած է եւ ունի երկու երեխա: Մասնագիտությամբ տեխնիկ, մաթեմատիկոս-ծրագրավորող է, աշխատել է մասնագիտությամբ տարբեր հաստատություններում: 2003թ. Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ է, 2004թ.` ատենապետ: Մինչ ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավոր դառնալը ընտրվել էր Երեւանի ավագանու անդամ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի,Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ