News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, ԱԺ նիստերը քվորումի բացակայության պատճառով այլեւս չեն կայանում։ Պատգամավորները զբաղված են քարոզարշավով կամ մեծամասնական ընտրատարածքներում, կամ մարզից մարզ շրջող քարոզչական խմբերի կազմում։

Ոչ մի զարմանալի բան այստեղ չկա, նման երեւույթի ականատես ենք լինում յուրաքանչյուր ընտրություններից առաջ։ Սակայն քվորումի խնդրին մեր խորհրդարանը բախվում է բնավ ոչ միայն նախընտրական շրջանում, ուստի հետաքրքիր է դիտարկել, թե ինչպիսին է տվյալ առումով վիճակն այլ երկրներում։

Քվորումի խնդիրը նոր չէ. ողջ աշխարհում պատգամավորները աչքի չեն ընկնում օրինակելի հաճախելիությամբ։ Անպարտաճանաչ դպրոցականների պես նրանք ձգտում են ամեն պատեհ առիթով խուսափել խորհրդարանի միապաղաղ նիստերից, որտեղ քննարկվում են տեխնիկական մանրամասներ ու իրավաբանական նրբություններ։

Օրինակ, Մեծ Բրիտանիայում ներկայությունը պարտադիր չէ, բացի առանձին հազվադեպ, հատուկ կանոնակարգված դեպքերից։ Արդյունքն ակնհայտ է. բավական է դիտել ինտերնետում հեռարձակումները բրիտանական Համայնքների պալատի նիստերից, որտեղ դատարկ կանաչ բազմոցներին նստած են ժողովրդի առավելագույնը հարյուր ընտրյալներ՝ գրեթե 650-ից։

Ինչո՞ւ է այդպես։ Նախ, այսպես կոչված, զարգացած երկրներում պատգամավորների մեծամասնության համար իրենց ընտրատարածքում աշխատանքն ավելի կարեւոր է լիագումար նիստերից։ Ընտրողների հետ անմիջական շփում, հանդիպումներ, ելույթներ եւ այլն. այս ամենը շատ ավելի կարեւոր է եւս մեկ անգամ ընտրվելու համար, քան նիստերին ներկայությունը։

Ավելին՝ խմբակցությունների միասնական քվեարկության պայմաններում անհատ պատգամավորի կարծիքից առանձնապես շատ բան կախված չէ։

Երկրորդ՝ օրենսդրական աշխատանքն ու քաղաքականությունը միանման բաներ են, այդուհանդերձ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։ Ակնհայտ է, որ նույնիսկ ամենաբարի մտադրություններով եւ «ժողովրդին ծառայելու» շարժառիթով ընտրությունների մասնակիցներից շատերն այնուամենայնիվ քաղաքական գործիչներ են, ըստ որում՝ հրապարակային գործիչներ։

Օրինագծեր մշակելու մանրակրկիտ աշխատանքի փոխարեն նրանք միանգամայն արդարացիորեն գերադասում են տպավորիչ ելույթները. հասարակությանը տրվող ազդանշանները, որոնք միաժամանակ նաեւ ինքնապիարի գործիք են։

Ինչպե՞ս են աշխարհում պայքարում «գործալքության» դեմ։ Եվրամիության երկրներում լիագումար նիստերին, ինչպես նաեւ հանձնաժողովների նիստերին խորհրդարանականների 60%-ի ներկայությունը պարտադիր է։ Նույնն է նաեւ Ճապոնիայում ու ԱՄՆ-ում։ Առանձնակի խիստ է դրվածքը ստորին պալատներում։ Մինչդեռ սենատորներին վերաբերվում են ավելի ներողամտորեն. Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում հաճախելիության վերաբերյալ պահանջներ չկան։

Հետաքրքիր է Ֆինլանդիայում, Ֆրանսիայում կամ Լյուքսեմբուրգում կիրառվող «ժողովրդավարական մոտեցումը»։ Մի կողմից՝ ոչ ոք չի ստիպում պատգամավորին ներկա լինել նիստերին։ Մյուս կողմից՝ նրա աշխատավարձից կամ «պատգամավորական ֆոնդից» (աշխատակազմի ամենամսյա վճարման, աշխատանքի եւ այլ նպատակներով հատկացվող միջոցներից) գանձվում են բացակայության դեպքերի թվին համապատասխան գումարներ։

Ֆրանսիացի խորհրդարանականը, որը բաց է թողել քվեարկությունների մեկ երրորդը, զրկվում է աշխատավարձի մեկ երրորդից ողջ նստաշրջանի ընթացքում։ Իսկ եթե նա բաց թողնի քվեարկությունների կեսը, ապա տուգանքը կրկնակի ավելանում է։

Տուգանքների համակարգը ամենատարածվածներից մեկն է։ Լատվիայում առանց հարգելի պատճառի բաց թողած յուրաքանչյուր նիստի համար զրկում են աշխատավարձի 20%-ից։ Իտալիայում, Սլովակիայում, Գերմանիայում նույնպես լայնորեն կիրառվում են աշխատավարձից պահումները։

Ամենախիստ միջոցներից մեկը մանդատից զրկելն է։ Այդ գործելակերպը նախատեսված է Ավստրիայում կամ Նորվեգիայում։ Մեղմ, խորհրդարանականի խղճին ուղղված միջոցներից է հրապարակային պախարակումը մամուլում (Էստոնիա), նկատողությունը (Լեհաստան), ներկայանալու մասին հրապարակային կարգադրությունը (Պորտուգալիա կամ Ճապոնիա)։

Արեւմուտքում ինչ-որ տեղ տուգանքն իսկապես կարող է ստիպել պատգամավորին մասնակցել նիստերին։ Սակայն ժողովրդի հայրենի ծառաների դեպքում սույն միջոցն ակնհայտորեն չի գործի։ Չէ՞ որ մեզանում նիստերից բացակայում են հենց նրանք, ում համար պատգամավորական աշխատավարձը ոչ մի նշանակություն չունի։ Իսկ աշխատավարձով ապրող պատգամավորները, հակառակը, հիմնականում աչքի են ընկնում օրինակելի կարգապահությամբ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ