News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա. նա այսօր` հունիսի 6-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ:

Հանրապետության նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են բարեկամության եւ փոխվստահության մթնոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Նոդայը նշել են, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հատկապես կարեւորվել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաեւ գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտները:

Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը մտադիր է միջազգային հանրության հետ կիսել ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված իր փորձը եւ այդ նպատակով երկուստեք կարեւորվել է Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջեւ արդյունավետ եւ փոխաջակցության ոգով զարգացող փոխգործակցությանը եւ կարեւորել դրա շարունակականությունը:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-ճապոնական քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի վկայությունն է նաեւ Տոկիոյում ՀՀ դեսպանության բացումը, կարեւորվել է Հայաստանում եւս Ճապոնիայի դեսպանատան հիմնումը: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հարավկովկասյան եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների արդի հիմնահարցերը՝ արձանագրելով դրանց խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծման երկու երկրների մոտեցումերի ընդհանրությունը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Յոշիհիկո Նոդան ստորագրել են Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Ճապոնիայի վարչապետի համատեղ հայտարարությունը:

Այսօր երեկոյան ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ