News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր` հունիսի 12-ին, 8957 դիմորդ քննություն է հանձնում «Մաթեմատիկա» առարկայից: Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոն էր այցելել Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Նա զրուցեց դիմորդների հետ, հարցրեց նրանց որպիսիությունը, հետաքրքրվեց «հոգսերով, խնդիրներով», հարցրեց, թե ով որտեղ է դիմել եւ ինչ է ստացել մյուս քննություններից եւ այլն: Արդեն դրսում Աշոտյանը զրուցեց դիմոդներին անհամբեր սպասող ծնողների հետ, լսեց նրանց առաջարկությունները եւ բարձրացրած խնդիրները:

Ընդհանուր առմամբ, ծնողներն իրենց գոհունակությունը հայտնեցին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությունից` հավելելով, որ քանի որ շտեմարանները շուտ էին հրապարակվել, դիմորդները երկար ժամանակ ունեցան պատրաստվելու եւ բարձր ցուցանիշներ ստացան: Ծնողները նախարարի պաշտոնակատարին առաջարկեցին, որ նախորդ տարիներին էլ մյուս առարկաներից քննությունը լինի շտեմարանով, որ տղաներին արտոնություններ տրվի, քանի որ, ըստ նրանց, երկու տարի բանակում ծառայելուց հետո, նրանք ի վիճակի չեն լինում շարունակել ուսումը:

Արմեն Աշոտյանը չհամաձայնեց այդ կարծիքի հետ` հավելելով, որ իրենց կուրսում բանակում ծառայած տղաներն ավելի կազմակերպված էին սովորում:

Աշոտյանը ծնողներին խոստացավ, որ տարեցտարի ավելի կհեշտանան ընդունելության քննությունները եւ շատերը կկարողանան ընդունվել բուհեր, բայց նաեւ նա խոստացավ, որ կդժվարանան ավարտական քննությունները, այսինքն` շատերը կընդունվեն բուհ, բայց ոչ բոլորը կկարողանան ավարտել այն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ