Այս տարի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից պետական ավարտական եւ միասնական քննության միջին գնահատականը 13,8 է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: Ի դեպ, այս տարի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկաների առաջադրանքները կազմվել է ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարաններից:

Գայանե Մանուկյանը նշեց, որ դեռեւս չեն կարող ասել, թե քանի հոգի է բացակայել մինչ այժմ կայացած քննություններից, եւ թե ինչպես են բախշվել միավորները Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից, քանի որ դրանից քննություն է հանձնել 11792 դիմորդ  եւ արդյունքները դեռ ամփոփվում են:

Փոխարենն, ավարտվել է  հունիսի 1-ին կայացած «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» եւ աշխարհագրություն» առարկաներից քննությունների բողոքարկման գործընթացը: Ըստ այդմ`  «Աշխարհագրություն» առարկայից ոչ մի բողոքարկում չի եղել, «Ընդհանուր պատմությունից» եղել է ընդամենը մեկ բողոքարկում, իսկ ամենաշատ բողոքարկումները եղել են «Կենսաբանություն» առարկայից:

«Բոլոր բողորքակումները կապված են այն բանի հետ, որ դիմորդները խնդրում են վերահաշավարիկ կատարել խնդիրների պատասխանները վերանայելու նպատակով: Բանն այն է, որ  երեխաները տասնորդական միավորներով են ստացել պատասխանները, իսկ պատասխանը ամբողջական միավորով է  տրված»,- ասաց Գայան Մանուկյանը:

Ի դեպ, հունիսի 12-ին Հայաստանում 8954 դիմորդ քննություն կհանձնի «Մաթեմատիկա» առարկայից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի