News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 12-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել ԵԱՀԿ 2012թ. նախագահությունն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նախագահող երկիրը Էյմոն Գիլմորի գլխավորությամբ հաջողությամբ կիրականացնի ստանձնած բարձր առաքելությունը: Սերժ Սարգսյանը կարեւորել է Գիլմորի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան, ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահների այցելությունները լավ առիթ են տեղում ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին, նաեւ քննարկելու ԵԱՀԿ գործունեության հետ կապված հարցեր, տեսակետներ փոխանակելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ներքաղաքական զարգացումներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում արձանագրված միջադեպերին:

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ եւ անվտանգ կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար կարեւոր է հավատարիմ լինել կարգավորման հիմնարար սկզբունքներին: Էյմոն Գիլմորի խոսքով, ԵԱՀԿ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների ետեւում եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ կարգավորման գործընթացն առաջ մղելու գործում: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն մերժում է ուժի կիրառումն ու ուժի կիրառման  սպառնալիքը եւ գտնում է, որ հարցի կարգավորման ռազմական լուծում չի կարող լինել:

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել սահմանին եւ շփման գծի երկայնքով վերջին շրջանում արձանագրված միջադեպերի կապակցությամբ եւ նշել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են նման միջադեպերի կանխարգելմանն ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Հանրապետության ղեկավարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին եւ կազմակերպության երեւանյան գրասենյակին՝ մեր երկրին ցուցաբերվող մշտական աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news