News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս շաբաթվա սկզբին տեղի ունեցավ նորակազմ կառավարության արտահերթ նիստը, որի ժամանակ ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք կարեւոր սկզբունքներ ու պահանջներ շեշտադրեց: Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ թերթը:

«Կառավարության հունիսի 18-ի արտահերթ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, մեկ անգամ եւս շնորհավորելով ներկաներին կառավարության կազմում եւ կից մարմիններում աշխատելու հնարավորության համար, նկատել է. «Ուզում եմ բոլորիդ հիշեցնել մի քանի սկզբունքների մասին, որոնց դուք արդեն իսկ տեղյակ եք, որովհետեւ այստեղ ես չեմ տեսնում մարդ, բացառությամբ՝ մեկ-երկուսի, ում հետ ես տասը տարուց պակաս աշխատած լինեմ:

«Առաջին խնդիրը կոռուպցիան է: Մեկ անգամ եւս բոլորին հիշեցնում եմ՝ ով աչք ունի բյուջեի վրա, պետական սեփականության վրա, ով ձեռքը մեկնում է եւ ենթակայից փող է վերցնում, նա անբարոյական մարդ է: Ուզում եմ, որպեսզի այս դրույթը բոլորս մեզ համար ամրագրենք եւ ղեկավարվենք դրանով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Երկրորդ՝ ես ատում եմ թափթփվածությունը: Չի կարելի թափթփված աշխատել, որովհետեւ թափթփված աշխատել, որեւէ ծրագիր վատ իրականացնել, վատ միջոցառում անցկացնել, վատ մոտեցումներ ցուցաբերել, նշանակում է կամաց-կամաց գցել ընդհանուր մակարդակը, այն, ինչ էլ կա՝ հասցնել զրոյի կամ մինուսի»:

 «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարեւոր հանգամանքի՝ աշխատանքային կարգապահության վրա: Տեսնում եմ, որ մարդիկ կան, ում համար աշխատանքի սկիզբը պարտադիր չէ: Աշխատանքի սկիզբը պետք է պարտադիր լինի: Եթե մենք 09-ից սկսում ենք աշխատել, ապա մենք 09-ին պետք է լինենք մեր աշխատավայրում: Ես չեմ հասկանում, որ նախարարներն աշխատանքի են գալիս 09:20, 9:30: Պարզ է չէ՞, որ եթե նախարարներն աշխատանքի են գալիս 09:30, իրենց ենթակաները 09:20 կգան աշխատանքի: Սա աշխատանքային կարգապահության մի մանրուքն եմ ասում միայն»:

«Հաջորդ խնդիրը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, դա պատասխանատվությունն է աշխատանքի արդյունքների համար: Մեզնից յուրաքանչյուրի աշխատանքը չափելի է: Մեզնից յուրաքանչյուրը դա պետք է գիտակցի՝ սկսած էկոնոմիկայի նախարարությունից մինչեւ սոցիալական ապահովության նախարարություն: Ես խնդրում եմ, որպեսզի բոլորդ լուրջ վերաբերվեք ձեր աշխատանքի արդյունքներին:

Վերջիվերջո, մենք, ինչպես ասացի, կամավոր ենք եկել այստեղ աշխատելու, ծառայելու, եւ մենք պետք է պատասխանատու լինենք մեր աշխատանքի արդյունքների համար: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ եթե ինքն արդյունքներ չունի, կարելի է հազար պատճառ բերել, բայց պատճառները բերվում են ընդամենը ինչ-որ բան արդարացնելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Մյուս խնդիրը, որ ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել, դա մեզնից յուրաքանչյուրի մեջ եռանդի առկայությունն է: Իմ կարծիքով, ամենավտանգավոր մարդը հոգնած պաշտոնյան է: Հոգնած պաշտոնյա մեզ պետք չէ: Ով հոգնել է, պետք է գնա հանգստանալու: Մեզնից յուրաքանչյուրի մեջ եռանդ պետք է լինի: Մեզ ընտրել են, մեզ վստահել են, մեզ հետ հույսեր են կապում: Մենք դա պետք է գիտակցենք ամեն պահ»,- նկատել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վերջին հանգամանքը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, սկզբունքայնության եւ դիրքորոշման դրսեւորման հարցն է: Ես ասացի, որ, իրոք, մեր հասարակությունը հիմա այլ հասարակություն է: Մեր հասարակությունը հիմա արդեն շատ ավելի բաց հասարակություն է: Մենք հպարտանում ենք դրանով եւ պետք է կարողանանք աշխատել այսպիսի պայմաններում: Պետք է գիտակցենք, որ այդպիսի պայմաններում աշխատելը ենթադրում է մի քանի հանգամանք,- ասել է նախագահ Ս.Սարգսյանը ու հավելել:- Առաջին հանգամանքն այն է, որ եթե քեզ քննադատում են, դու պետք է կարողանաս համբերատար լսել, հետեւություններ անել: Լինել այնքան սթափ ու խելացի, որպեսզի կարողանաս տեսնել՝ այս քննադատությունն իրականությանը համա-պատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, լուրջ հիմքեր ունի՞, թե՞ ուղղակի այդպես խոսում են՝ չարությունից ելնելով, այլ հանգամանքներից ելնելով:

Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ քննադատությունը կամ ցանկացած վատ խոսքը չպետք է ո՛չ ձեռքերին ազատություն տա եւ ո՛չ էլ լեզվին: Քննադատությանը պետք է պատասխանել, բայց պետք է պատասխանել հավասարակշռված եւ ոչ թե «ակն ընդ ական» սկզբունքով: Խնդրում եմ, որպեսզի սա էլ հաշվի առնեք»,- ասել է նախագահը»,- գրում է «Հայոց աշխարհը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ