News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաեւ իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով դիտարկվեց հենց այդպիսին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ամբողջությամբ բարեկարգվեց ու կանաչապատվեց:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բարեկարգված տարածքի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին: Քաղաքապետը եւ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել են եկեղեցու հարակից տարածքում, ծանոթացել կատարված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին:

Նորք-Մարաշի բնակիչները գոհունակություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց փոքրիկ վարչական շրջանի միակ կենտրոնատեղին բարեկարգելու հարցում օժանդակելու համար եւ վստահեցրել, որ սա իսկապես անհրաժեշտություն էր նորքեցիների համար:

Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորելով նորքեցիներին տարածքի բարեկարգման կապակցությամբ վստահեցրել է, որ հետեւողական է լինելու մյուս վարչական շրջաններում եւս նմանատիպ կենտրոնների ստեղծման հարցում: «Երեւանը պետք է հարմարավետ լինի բոլորի համար: Անկախ նրանից, թե բնակիչը որ վարչական շրջանում է բնակվում, նա պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք քաղաքացի: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է եւ մենք քայլ առ քայլ հասնելու ենք այդ նպատակի լիարժեք իրականացմանը», - շեշտել է Տարոն Մարգարյանը:

Տարածքում շրջելուց եւ կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքապետը ծաղիկներ է դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մտել է նաեւ եկեղեցի եւ մոմեր վառել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ