News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում եւ աշխարհում մեծ արձագանք ստացած բողոքի ալիքը եւ ստեղծված միջազգային բարենպաստ  ֆոնը պաշտոնական Երեւանին պետք է ստիպեին առավել  վճռական քայլերի դիմել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե յուրե ճանաչում եւ երկու պետությունների միջեւ ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրում` փոխադարձ անվտանգության տարրերի ներառմամբ:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ-ի Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը, Սաֆարովի ներման  ֆոնին, պե՞տք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Նրա կարծիքով, այս քայլերը ունակ են կանխել դեպքերի ռազմական զարգացումները եւ ամրակայել տարածաշրջանային անվտանգությունը: «Ցավոք, Հայաստանի Ազգային Ժողովի արձագանքը ստեղծված իրավիճակի համար  թույլ եւ անբավարար էր»:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է նպատակահարմար Հայաստանի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից հրաժարումը` Մաիլյանը նշել է, որ վերջին դեպքերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ադրբեջանական քաղաքականությունը, կաշառելով միջազգային եւ ազգային քաղաքական գործիչներին, իրական վտանգ է հանդիսանում Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության համար, եւ կասկածի տակ է դնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման գործընթացը:

«Նման պայմաններում Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը Մինսկի գործընթացին եւ  բանակցությունների վերսկսման համար ղարաբաղյան հակամարտության հայկական կողմերը  իրավունք ունեն  ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրներից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից անվտանգության ապահով երաշխիքներ պահանջել: Նման երաշխիք կարող է դառնալ Արցախի միջազգային ճանաչումը եւ նրա ընդգրկումը` միջազգային անտանգության համակարգ: Փակելով ռազմական հեռանկարները` միջնորդները կապահովեն հակամարտության կարգավորման առանցքային այլ խնդիրների քննարկման պայմաններ»,-ասել է Մայիլյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայոց Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թ-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող անգլերեն լեզվի դասընթացի ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ  ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից,  2012 թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ նրան ներում են շնորհել եւ բարձրացրել են զինվորական կոչումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ