«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է «Նովոյե վրեմյա» թերթին տված իր հարցազրույցը:
«Գլխավոր խմբագիր Եվգենի Ալբանցի հետ իմ հարցազրույցում իմ պատասխաններից մեկը որոշ թյուրըմբռնում է առաջացրել, ինչ կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում ասել հետեւյալը. լրագրողի հարցին, որը վերաբերում էր իմ եւ իմ ընտանիքի Վրաստան վերադարձին, ես հանգամանալից պատասխան եմ տվել, սակայն թերթում է հայտնվել դրա միայն մի մասը` կտրված ենթատեքստից եւ աղավաղված:
Ստացվել էր այնպես, որ ես զարմացած եմ, որ հայերը ապրում են այստեղ, երբ կողքին իրենց հայրենիքն է:
Ցանկանում եմ նշել, որ Վրաստանի ցանկացած քաղաքացի հավասար իրավունքներ ունի` չնայած էթնիկ պատկանելությանը: Դա երաշխավորված է Վրաստանի սահմանադրությամբ եւ միաժամանակ դա իմ համոզմունքն է:
Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա ի պատասխան լրագրողի հարցի, ես ընդգծված նշել եմ, որ հիացած եմ հայերի եւ հրեաների շնորհքով, որ նրանք կարող են աշխարհի քաղաքացիներ լինել, նրանք հաջողակ են, որտեղ էլ ապրում են եւ ունեն հզոր սփյուռք: Մենք վրացիներս այնպիսի զարմանալի ժողովուրդ ենք, որ, ցավոք, ոչ մի տեղ չենք կարողացել հիմնավորվել եւ ուժեղ սփյուռք ստեղծել:
Այսպիսին է եղել իմ պատասխանի հիմնական ենթատեքստը: Ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Վրաստանը բազմազգ երկիր է եւ այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքն է»,- գրել է Իվանիշվիլին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «The New Times» ռուսական պարբերականին տված Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցում կար հետեւյալ հատվածը. «Ահա մեզ մոտ, այստեղ, օրինակ բնակվում են հայերը: Նրանց հայրենիքը կողքին է, բայց նրանք այստեղ են ապրում: Ձեզ համար, հավանաբար, նման հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, եւ երազում տեսնում իմ գյուղը, իմ հողը...»:






























