«Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունից տուժած մի շարք քաղաքացիներ սպառնում են հուլիսի 7-ին գնալ Վրաստանի Բաթումի քաղաք, եւ բողոքի ակցիա անցկացնել այնտեղ: Քաղաքացիների մի խումբ այսօր՝ հունիսի 27-ին կրկին հավաքվել էր կառավարության շենքի առջեւ; Հավաքվածները պնդում էին, որ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտ) հուլիսի 7-ին Բաթումիում բացելու է պահածոների նոր գործարան, ու իրենք պետք է ներկա լինեն այնտեղ ու բողոքի ակցիա կազմակերպեն:

Բողոքավորները համոզված են, որ Աշոտ Տոնոյանն իրենցից թալանած փողերով է Վրաստանում գործարան կառուցել: Ցուցարարները Ա. Տոնոյանին մեղադրում են խարդախության մեջ, ու համոզված են, որ «Արցախ բանկը» եւս ներգրավված է այդ խարդախության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են խաբված: