ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Գրիշա Թամրազյանը։

Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, և հայկական կողմն արժևորում է երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերությունները: Նա շնորհակալությամբ է ընդգծել Բուլղարիայի ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացում։

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Բուլղարիա միջխորհրդարանական կապերի զարգացումը մեծ կարևորություն ունի:

Նիկոլա Նիկոլովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են պատմամշակութային խոր կապերի վրա: Նա նշել է, որ Բուլղարիայի հայկական համայնքը միշտ կարևոր դերակատարում է ունեցել երկու երկրների միջև սերտ հարաբերությունների պահպանման ու ամրապնդման գործում:

Դեսպանի խոսքով 2026 թվականի մայիսի 3-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը նոր կարևոր փուլ է նշանավորում երկկողմ դիվանագիտական հարաբերություններում։ Այն ուրվագծում է փոխշահավետ համագործակցության խորացման ընդհանուր տեսլականը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Նիկոլա Նիկոլովը ևս կարևորել է երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցությունը։

Նրա խոսքով Հայաստանը Բուլղարիայի վստահելի տնտեսական գործընկերն է, և Բուլղարիան պատրաստակամ է շարունակելու երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է, որ Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաուղու գործարկումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերին:

Արամ Վարդևանյանը, անդրադառնալով տնտեսական համագործակցության օրակարգին, համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել երկկողմ կապերի խորացման համար:

ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի ներկայացուցիչներին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունած բանաձևին աջակցելու համար, որով ընդգծում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ քրիստոնյաներին ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Արամ Վարդևանյանը դեսպանին ներկայացրել է երկրի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության օրակարգին, ինչպես նաև իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերներին։

Նա ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն դրված է շրջանառության մեջ։

Նշվել է, որ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանը և հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը՝ ներկայացնելով դրա հիմնական նպատակներն ու առաջարկվող կարգավորումները։