Մեքսիկայի Ակապուլկո հանգստյան գոտում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել 80 մարդ:

Ուժեղ անձրեւներն ուղեկցում են «Մանուել» փոթորկին, որը նախորդ օրերին, գերազանցելով 119կմ/ժամ քամու արագությունը, հասել էր փոթորկի մակարդակի:  Ակապուլկոյում սողանքների եւ ջրհեղեղների պատճառով  շրջափակման մեջ են մնացել  60 հազար զբոսաշրջիկ եւ տեղի շուրջ 800 հազար բնակիչ, հաղորդում է rbc-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Հատկապես տուժել են Ակապուլկոյի ամենաաղքատ թաղամասերը, այնտեղ առանց էլեկտրականության եւ ջրի է մնացել 20 հազար տուն: Քաղաքում կան պարենային դժվարություններ,  չեն բավականացնում տուժածների համար կացարանները:

Անցյալ շաբաթվա վերջին միանգամից երկու արեւադարձային փոթորիկ էր վրա հասել Մեքսիկայում` «Ինգրիդը» եւ «Մանուելը» , Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսների կողմից:

Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտնում է, որ առնվազն 58 մարդ համարվում է անհետ կորած` Մեքսիկայի հարավ-արեւմուտքում սկսված սողանքների պատճառով:  Կեղտոտ հոսքը ծածկել էր Հերերո նահանգի բնակելի տարածքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: