News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Հայաստանը Արիանայի աչքերով» նախագիծը, որի շրջանակում Արիանա Կաոիլին ամեն ուրբաթ պատմում է Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից, հիմա նաեւ՝ այստեղ ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

Արտաքին քաղաքականությունը, սուշին եւ դոլման. Հայաստանի «եւ, եւ» հասարակությունը

Երեւանում կարող ես սուշի եւ խորոված պատվիրել նույն ռեստորանում։ Մի շարք ռեստորաններ, «ընտրությունը շքեղության նշան է» գաղափարով տոգորված, առաջարկում են մշակութապես ու աշխարհագրապես միմյանցից հեռու ճաշատեսակների գունապնակ մեկ սեղանի վրա (վերջերս մի վայրում էի, որտեղ մատուցում էին արաբիատա սպագետի, շնիցել եւ թերիաքի սաղմոն. եթե ռեստորանի սեփականատերերը այլասերված հումոր ունենային, կարող էին առաջարկել երեք ճաշատեսակները մեկ ֆիրմային ուտեստում եւ անվանել այն «Առանցքի երկրներ»)։  

Միջին խավի ցածրից մինչեւ վերին շերտերի համար նախատեսված սննդի սպասարկման կետերում ճաշացանկերը մանրակրկտորեն ունիվերսալ են։ Ասես մատուցողը մեկնում է հաստափոր գիրք, որի մեջ եղած օրենքներից ստիպված ես ընտրել մեկը (նման բան զգացել եմ միայն նախկին խորհրդային երկրներում։ Թերեւս սա ընտրության հնարավորության մոլուցքն է, որը համեմատաբար նոր երեւույթ է)։   Ինչեւէ, ռեստորանային ճաշացանկերը, ըստ էության, Հայաստանի «եւ, եւ» հասարակության արտացոլումն են։

Վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Օքսֆորդի համալսարանում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի մասին դասախոսություն կարդաց, որը շատ դիպուկ վերնագրված էր «Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը»։ Դասախոսության վերնագիրն ու բովանդակությունը նույնպես արտացոլում են դոլման եւ սուշին միաժամանակ ուտելու ցանկությունը՝ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, սերտ գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ եւ ակտիվ համագործակցությունը Եվրամիության հետ։

Այս մոտեցումը նոր չէ, պարզապես այն վերաճել է պրագմատիզմին եւ տնտեսական ռացիոնալիզմին հարմարեցված գործիքի, որն այժմ ավելի ակտիվ են գործածում ազգային շահերն առաջ մղելու համար։ Երկու ուղղության քաղաքականությունը հստակ բնութագրվում է «կոմպլեմենտարության քաղաքականություն» եզրույթով (նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի սահմանումը), որը նկարագրում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ շահերը եւ հարաբերությունները ներդաշնակեցնելու Հայաստանի կարողությունը։ Ռուսաստանի հետ տնտեսական եւ անվտանգության կապերը անկասկած գերիշխող են, բայց համագործակցությունը Եվրամիության եւ Արեւմուտքի հետ որոշ ոլորտներում բազմազանության ձգտելու նշան են։

Ընտրության հնարավորության անհագ մոլուցքը դրսեւորվում է նաեւ երաժշտության ասպարեզում։ Երաժշտական արթնացումդ սկսիր Փարվանայում (արթնացում՝ բառիս բուն իմաստով, դու Հայաստանում ես իմաստով), հետո գնա նոստալգիկ ռոք համերգի՝ իր բոլոր ավանդույթներով, իսկ լուսաբացի ժամերը վատնիր թեժ սալսա ակումբում։ Նրանց համար, ովքեր կարծում են, որ սա անհնար է, իմացեք, որ դա այդպես չէ, որովհետեւ ես դա արել եմ, ու ամբողջը մեկ ուժասպառ անող, շիզոֆրենիկ օրվա ընթացքում։ Նույն մենթալիտետը թափանցում է նաեւ հարսանիքներ. ավանդական ռոմանտիկ ջազը երգացանկում մերթընդմերթ փոխարինվում է ռաբիսով, ինչպես ճապոնական հում թունաձկան սուշին եւ հայկական պոպոքով բադրիջանը՝ նույն ափսեում։

Ընտրելու հնարավորության կպչուն գաղափարը (կամ առնվազն «ամեն ինչ ունենալու» հնարավորության ցուցադրությունը) արտացոլվում է նաեւ շատ հյուրանոցների կամ վերնախավին պատկանող բնակելի կառույցների տեղանքի ընտրության հարցում. դրանք պետք է լինեն եւ բնությանը մոտ, եւ մայրուղուն կպած։ Ինձ ծանոթ շատ երկրներում (ոչ միայն հարուստ)  անշարժ գույքի արժեքը կտրուկ նվազում է, որքան այն մոտենում է ծանրաբեռնված երթեւեկությամբ փողոցին, առավել եւս, եթե խոսքը մայրուղու մասին է։ Բայց ոչ Հայաստանում. այստեղ յուրօրինակ լինել նշանակում է մոտ լինել մասնավոր տարածք ներխուժող աղմուկին եւ անցորդների հայացքներին, միաժամանակ, օգտվել բնության անդորրից, ընդ որում, բնություն համարվելու հավակնություն ունի մայրուղուն մոտ գտնվող թփերի ցանկացած խումբ։

Հիշում եմ՝ առաջին անգամ քայլում էի Աբովյան փողոցով, երբ մեր զբոսնող խմբին  մոտեցան վառ գույներով շապիկներ հագած մի քանի դեռահասներ, ովքեր պահպանակներ էին բաժանում։ Սա անվտանգ սեքս քարոզելու եւ «մոդեռնությունն» իր բոլոր անպարկեշտ կողմերով ի ցույց դնելու փորձ էր։ Մյուս կողմից, շատ տեղերում պահպանվում է հարսանիքի հաջորդ օրը վառ կարմիր խնձորներով սկուտեղ բերելու ավանդույթը, ընդ որում, եթե նույնիսկ ֆիզիկապես խնձոր չեն  բերում, ապա թեկուզ ոչ բարձրաձայն, բայց դրան սպասում են բոլորը։ Սթափեցնող օրինակ է, եթե, իհարկե, հասարակությունն իսկապես «եւ,եւ» է։

Բայց հայերն ամեն ինչում չէ, որ փոխզիջման են գնում։ Նրանք բավարար քանակությամբ գոյատեւման մարտավարությունների պաշար ունեն, որն ստիպված են եղել կուտակել դժվար պայմաններում առաջ գնալու համար, եւ շիտակ համառությունը, անշուշտ, դրանցից մեկն է։ Անցած տարվա հունիսին մեծ բավականություն ստացա նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեհաստանի նախագահ Կոմորովսկիի համատեղ մամուլի ասուլիսից, որտեղ Սերժ Սարգսյանը բավական բաց տեքստով հայտարարեց, որ «ոմանք շարունակում են Եվրոպան ավելի շուտ շուկա, քան արժեքային համակարգ համարել»։ Կարելի է գուշակել, որ նա նկատի ուներ Հայաստանի մեկ-երկու հարեւաններին, որոնք իրենց դրսեւորել են որպես ավելի «իբրեւ թե» պետություններ արտաքին քաղաքականության ոլորտում՝ կերտելով իմիջ, «իբրեւ թե» երկիրը գնում է որոշակի ուղղությամբ («իբրեւ թե» նրանք հաջողության են հասել մարդու իրավունքների ոլորտում, եւ «իբրեւ թե» առեւտրի ազատականացումը իրենց համար առաջնահերթություն է), մինչդեռ երկրի ներսում նրանց գործողությունները, քաղաքական գաղափարախոսությունը բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։     

Բոլորն էլ այսպես թե այնպես հակված են երեսպաշտության (օրինակ, ես ձեւացնում եմ, իբր առողջ սնվելու սովորույթներ ունեմ, բայց ագահաբար ուտում եմ խորովածի յուղով ներծծված լավաշը, երբ տեսնող չկա)։ Բայց հայերը հայտնի են իրենց սարսափեցնող համառությամբ, երբ հերթը հասնում է իրենց սկզբունքների կամ մոտ ընկերոջ համար պայքարելուն (կամ շախմատիստի դեպքում, երբ պետք է պայքարել չպարտվելու համար. պաշտպանվելու այդ կարողությունը Աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ոճային առանձնահատկությունն էր)։

Դարերի ընթացքում տարբեր ուժերի քաղաքական, կրոնական, տնտեսական եւ ակնհայտորեն կործանարար ծրագրերին դիմակայելու համար հայերը յուրացրել են գոյատեւման որոշ մարտավարություններ. խուսափել օտար համայնքի հետ ամուսնություններից, միասնության նպատակով եկեղեցին որպես իշխանության գործիք օգտագործել, առաջինը լինել առեւտրի մեջ, զարգացնել արվեստները, Արեւելյան Եվրոպայի տարբեր մասերում ամրապնդել քաղաքական դիրքերը եւ գոյատեւման պայքարի բացահայտորեն անազնիվ հմտությունը։ Հայաստանը մի քիչ նման է ջրի սափորի մեջ մեկ կաթիլ նավթի. այն շրջափակում են, բայց չեն նվաճում, ճնշում են, բայց այն երբեք չի կորցնում իր կառուցվածքային ամբողջականությունը։ Հարցը, իհարկե, այն է, թե ինչպես կաշխատի ընտրության հնարավորության եւ մրցակցային առավելության Հայաստանի մարտավարությունը այսքան գլոբալիզացված 21-րդ դարում։

Իր Армянин երգիծական, բայց ռեալիստական հոդվածում Դերենիկ Դեմիրճյանը գրել է, որ դիվանագիտության մեջ Հայաստանն այնքան է տարված անկեղծ երեւալու ձգտումով, որ դժբախտաբար, խաբեբայի ու շողոքորթի տպավորություն է գործում։ Նա ինչ-որ առումով ճիշտ է. Հայաստանն անկեղծորեն պրագմատիկ է։  Գուցե իսկապես լավ ռազմավարություն է. ինչու ընտրել «կամ, կամ»-ի միջեւ, եթե կարող ես ունենալ «եւ սա, եւ նա»։ Ես մտադիր եմ նույն արդարացումն օգտագործել մյուս անգամ ռեստորանում պատվիրելիս։

Արիանա Կաոիլի

Հոդվածը թարգմանվել է անգլերենից, բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ