News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը դե յուրե չճանաչելը չի խանգարում Հայաստանի հետ նրա հավասար հարաբերություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Հայաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դե յուրե ճանաչումը աննպատակահարմար է: Ընդգծում եմ՝ դե յուրե, քանի որ դե ֆակտո Հայաստանը վաղուց արդեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նրանց միջեւ կնքվել է արդեն շուրջ 100 պայմանագիր՝ իրավահավասարության հիմունքներով», – հավելել է Քոչարյանը:

Ըստ նրա՝ Մինսկի գործընթացը ենթադրում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է միասնական մոտեցում մշակեն հիմնախնդիրը լուծելու համար: Դրանից հետո խաղաղ պայմանագիրը կնքելու գործին կմասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղը: «Մենք դրան պատրաստ էինք Կազանում՝ 2011թ., սակայն Ադրբեջանը դարձյալ ձախողեց այդ գործընթացը»:

Նա ընդգծել է, որ բանակցային գործընթացում գլխավոր նպատակը ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է: «Սակայն Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում Հայաստանը չպետք է միայնակ մնա, ինչպես դա եղավ Թուրքիայի հետ՝ Հյուսիսային Կիպրոսի հարցում»:

Քոչարյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում փակուղին պայմանավորված է նրանով, որ ներգրավված չէ Ղարաբաղը:  Ըստ նրա՝ պատճառը միմիայն Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է, նրա ռասիստական արտահայտությունները եւ պատերազմի վերաբերյալ սպառնալիքը:  Նա հիշեցրել է, որ միջազգային միջնորդները մշտապես ընդգծում են խաղաղ լուծման անայլընտրանքայնությունը: «Այդ պատճառով էլ Ադրբեջանը բացահայտ երազում է ազատվել Մինսկի գործընթացից: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանն անդադար խոսում է այն մասին, որ Մինսկի գործընթացը սպառել է իրեն: Պարզ է՝ ինչի համար է դա պետք, ինչպես եւ ռազմական տեխնիկայի գերազանցության վերաբերյալ վստահեցումները: 90-ականներին Ադրբեջանի օգտին այդ առավելությունն ավելի շատ էր: Սակայն դա չէ կարեւոր: Կարեւորն այն է, որ ոչ մի բանական մարդ պատերազմ չի ցանկանա, եթե այն ուղղված չէ իր երկրի պաշտպանությանը», – եզրակացրել է Շավարշ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ