Եվրոյի գոտու 16 երկրների ֆինանսների նախարարները նախօրեին երեկոյան հավաքվել են Բրյուսելում: Նրանք հավանություն են տվել Եվրագոտում եւ Եվրամիությունում ֆինանսական կայունության պաշտպանության մեխանիզմին:
Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Իսպանիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Ելենա Սալգադոն՝ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: ԵՄ կայունացնող հիմնադրամի միջոցները՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ներդրման հետ միասին կազմում են 720 միլիարդ եվրո: Այդ գումարը կներառի 60 միլիարդ եվրոն, որը վարկերի տեսքով կհավաքի Եվրահանձնաժողովը, ԵՄ պետությունների երաշխավորած 440 միլիարդ եվրոն եւ ԱՄՀ-ի ներդրումը՝ 220 միլիարդի չափով:
ԱՄՀ-ն կմասնակցի ԵՄ հակաճգնաժամային մեխանիզմին՝ պայմանով, որ իր ներդրումը չի գերազանցի գումարի կեսը, հայտնել է արժութային եւ ֆինանսական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը: