Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը կքննարկվի միայն այն ժամանակ, երբ դատավճիռը կմտնի օրինական ուժի մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

«Ինչպես գիտեք, Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է դատարանի կայացրած վճիռը՝ միայն 327-րդ հոդվածով, որը դիտավորյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելուն է վերաբերվում: Մինչդեռ նման բան չի եղել, առավել եւս որ պաշտպանական կողմն էլ համոզված է, որ այդ հոդվածն ապացուցված չէ: Իհարկե, այս բողոքարկումով Հրաչյա Հարությունյանի պատիժը չի թեթեւանալու, պարզապես բարոյական խնդիր է, սխալ է մարդուն մեղադրել երկու հանցանքի մեջ: Երբ այս բողոքարկման վճիռն էլ լինի, արդեն Հայաստան տեղափոխման հարցը կքննարկվի: Կան տարբեր կոնվենցիաներ, որով հնարավոր է դա իրականացնել: Իսկ այստեղից էլ պետք է արդարադատության նախարարությունը դիմի»,- ասաց նա:

Անդրադառնալով տուժած քաղաքացիների՝ Հրաչյա Հարությունյանից նյութական փոխհատուցում պահանջելու մասին հայցին՝ Երանուհի Թումանյանցը հայտնեց, որ այդ հայցը մերժվել է. «Մի քանի միլիոն ռուբլի պահանջող հայցեր կային, բայց դատարանը որոշեց, որ դրանք չպետք է քննվեն այս գործի շրջանակում, քանի որ քննության հետ չեն առնչվում: Ըստ օրենքի՝ դրանք պետք է քննվեն՝ որպես քաղաքացիական հայցեր եւ տվյալ անձի բնակության վայրում: Այնպես որ հայտնի չէ՝ նորից այդ մարդիկ կդիմեն դատարան, թե ոչ»:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում: Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի, ինչի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ: Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել, եւ Հարությունյանը տեղյակ է եղել այդ մասին: