News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ամեն մի հայ պետք է հարց տա իրեն, թե այլ երկրներ եւ տնտեսություններ շենացնելուց զատ ի՞նչ է արել իր հայրենիքի համար, ինչքանո՞վ է փորձել թեթեւացնել նրա հոգսը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հետեւողական եւ նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում: «Հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով եւ զորեղ Սփյուռքով: Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է: Եթե մեզ հաջողվեց հաղթահարել ամենաբարդ քննությունը, որն էր պատերազմը, ապա մենք իրավունք չունենք ընկրկելու այսօրվա խնդիրների հորձանուտում: Այն, իհարկե, ռազմի դաշտ չէ, որտեղ ակնհայտ են «մերոնք» եւ «հակառակորդները»: Արտաքին վտանգի դեմ համախմբվելն այդքան էլ դժվար գործը չէ: Առօրյա կյանքում մենք պիտի հասկանանք, որ այդ պայմանական «հակառակորդը» հաճախ, իսկ ավելի ճիշտ՝ մշտապես, մենք ինքներս ենք: Ուստի եւ պետք է պայքարենք մեր ունեցած բացթողումների, թերությունների, թուլությունների, թափթփվածության դեմ: Հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենի երկրում: Հայի տեսակի առաջընթացն ու հզորությունը, ապագան ու հեռանկարը կոփվում են Հայաստանում, քանի որ արդի աշխարհում ժողովրդի առհավետ գոյության ամենահզոր եւ միակ գրավականն ազգային պետությունն է: Այսօր չկան Հայրենիքը եւ Սփյուռքն իրարից բաժանող անցյալ դարաշրջանի անջրպետները: Եվ դա ինքնին ազգային համախմբվածությունը խրախուսող հանգամանք է: Սակայն այդ համախմբվածությունը ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ միջոց է, որպեսզի մենք հաղթահարենք ինքներս մեր մեջ բացահայտած վատը»,-ասել է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին, նա նշել է.

«Տարածաշրջանային հակամարտությունների հետեւանքով Սփյուռքի մեր հայրենակիցների մի ստվար հատված ստիպված կրկին բռնում է գաղթի ճանապարհը: Փոփոխվում են հայկական սփյուռքի առկա ձեւաչափերը. կազմալուծվում են հին համայնքները, ձեւավորվում նորերը, որոնք օգնության լուրջ կարիք ունեն: Սիրիական ճգնաժամի հետեւանքով արյունաքամ լինող Սիրիայի կենսունակ հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը՝ մոտ 12 հազար հայորդի, հաստատվել է Հայաստանում: Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցները ուշադրության, աջակցության կարիք ունեն: Նրանք եղեռնը վերապրած մեր նախնիների բեկորներն են, ովքեր, սփռվելով աշխարհով մեկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականությունը: Այսօր Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու աշխատանքներում: Սիրիահայերը արագորեն ինտեգրվում են Հայաստանի հասարակությանը: Այսօր պետականորեն լուծված են սիրիահայերի կրթության, առողջության, սոցիալական խնդիրները: Լուրջ աշխատանքներ են տարվել եւ տարվում նրանց աշխատանքի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Սիրիահայերին գրկաբաց ենք ընդունել, նրանք իրենց հայրենիքում փախստական չեն կոչվում, նրանք մեր երկրի տերն են, նրա մի մասնիկը: Բոլորիս հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների բնակարանային, աշխատանքային հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան: Համայն հայությունը, այդ թվում եւ Հայաստան պետությունը, պետք է աջակցեն նաեւ նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Հավատում եմ, որ դեռ կգան խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի եւ նրա հայ քաղաքացիների համար: Սիրիայի հայկական համայնքը կվերածնվի եւ կշարունակի իր ստեղծագործ ուղին՝ ի նպաստ Մայր հայրենիքի եւ բնակության երկրի զարգացման ու բարգավաճման: Ցավոք սրտի, տարածաշրջանային հակամարտությունները գնալով ավելանում են, եւ մեր գերնպատակը պետք է լինի աշխարհի ցանկացած ծայրում փորձության մեջ հայտնված յուրաքանչյուր հայի ցավին ու տառապանքին արձագանքելը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, միասնական ուժերով նրանց օգնելն ու սատարելը: Մեր միասնության եւ համախմբվածության շնորհիվ միայն հայության ազգային իղձերը իրականություն կդառնան, եւ հայն աշխարհին կներկայանա որպես հավաքական կամքի օրինակ՝ ի չիք դարձնելով բոլոր հակառակորդների, հետադիմական բոլոր ուժերի ու հոսանքների հակահայ նկրտումները:

ՀՀ նախագահը խոսել է նաեւ սփյուռքում հայապահպանության խնդրի մասին՝ նշելով. «Սփյուռքն իր գոյության առաջին օրվանից պայքարել է հայապահպանության համար: Սփյուռքում հայապահպանությունը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության կենսական շահերից: Հայաստանը, ի դեմս Սփյուռքում եւ Հայաստանում գործող համահայկական կառույցների, պետք է առավել գործուն լինի հայկական մեծ ու փոքր համայնքներում հայապահպանության, մշակութային ու կրթական նախաձեռնություններին աջակցելու հարցում:

Մայրենի լեզվի իմացությունը, դրա սերունդներին փոխանցումը մեր ազգային գերխնդիրն է: Հետեւաբար, այստեղ հավաքված բոլորիս կարեւոր պարտականությունն է, օգտագործելով բոլոր կառուցակարգերը, մեթոդներն ու ձեւերը, երիտասարդությանը դարձնել հայախոս, մայրենիի նկատմամբ ակնածանք եւ սեր դաստիարակելով: Հայապահպանության գլխավոր կռվաններն են՝ հայոց լեզուն, հայ ընտանիքը եւ իրական հայրենիքը ճանաչելը: Հայաստան-Սփյուռք գործակցության հիմքում ընկած են այս առաջնահերթությունները: Այդ գործակցության սկզբունքը երկուստեք փոխվստահության, միմյանց աջակցելու, համահայկական ընդգրկվածություն ունեցող հարցերում միասնական դիրքորոշում մշակելու մեջ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ