News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ ՀՀԿ խմբակցության վեց պատգամավոր շփոթվեցին եւ «դեմ» քվեարկելու փոխարեն «կողմ» քվեարկեցին, ինչն իրարանցում ստեղծեց նիստերի դահլիճում։

Արդյունքում, ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին «կողմ» քվեարկեց 47, «դեմ» ՝ 42 պատգամավոր:

Ոչ իշխանական քաղաքական ուժերի պատգամավորները ոգեւորված ծափահարեցին, ինչը զարմացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

«Ո՞նց կարելի է էդքան փոքր հնարավորությունից ուրախանալ, եթե ըտենց բաներ կան, հաճախակի անենք, ծափերը ո՞րն էր»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ պատգամավորները սխալվել են եւ անհրաժեշտ է կրկնակի քվեարկություն անցկացնել։ Սակայն այդ գաղափարը դուր չեկան ԲՀԿ-ական պատգամավորներին։ «Հիմնավորեք կրկնաի քվեարկության անհրաժեշտությունը»,- պահանջեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Ձեր խմբակցությունից երկու հոգի, մերից՝ վեց հոգի սխալ են քվեարկել: Հիմա դնեմ հաշվե՞մ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հորդորեց ԱԺ կանոնակարգ օրենքից մեջբերում անել, թե որտե՞ղ կա «սխալ քվեարկություն» տերմինը:

«Հղո՞ւմ եք ուզում, հղում անենք՝ ԱԺ նախագահը պիտի ապահովի խորհրդարանի բնականոն աշխատանքը: Մարդիկ, եթե չեն աշխատել սարքավորումները, չեն քվեարկել, նորից քվեարկում են: Մենք էս նախադեպերը շատ ենք ունեցել, մարդիկ ասում են՝ սարքավորումը չի աշխատել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

«Պարոն Սեդրակյանի տեխնիկական կոճակը չի աշխատում»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ կրկնակի քվեարկության արդյունքում օրինագծին «դեմ» քվեարկեց 63 պատգամավոր, օրինագիծը չընդունվեց:

Տպել
Ամենաշատ