Ոչ իշխանական եռյակի մարզային հանդիպումները երկխոսություն են ժողովրդի հետ, որպեսզի մանրամասն ուսումնասիրենք նրանց հուզող խնդիրներն ու մեր աջակցությունը հայտնենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մարզային հանդիպումների ժամանակ ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում:
«Այդ կարծիքը պետք է ձեւավորվի որպես հասարակական կարծիք, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ անհատի ցանկություն»,-ասել է Մելքումյանը:
Միաժամանակ, նա խուսափել է ուղիղ պատասխան տալ, թե արդյոք ԲՀԿ-ն իշխանափոխություն կպահանջի հոկտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք եռյակի հանրահավաքում:
Իր հերթին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նկատել է, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ չկա այնպիսի քաղաքական հարց ու օրակարգ, որ ԲՀԿ-ի համար լինի տաբու: