Բարդ է մեղադրել Արեւմուտքին Մերձավոր Արեւելքի խնդիրներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելն՝ անդրադառնալով այն հարցին, թե չի տեսնում արդյոք արեւմտյան երկրների մեղքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման մեջ:
Դիվանագետի խոսքով՝ միշտ բարդ է ինչ-որ ճնշում գործադրել: «Մեղադրանքներ են հնչում կապված զենքի մատակարարման հետ: Մյուս կողմից, միջամտության եւ անտաբերության մեղադրանքներ են հնչում»,- նշել է Մորել:
Քաղաքական տեսակետից՝ արձանագրել է դեսպանը, իրականում Մերձավոր Արեւելքում շատ անկայուն իրավիճակ է: «Սակայն նման իրավիճակներ լինում են, այսինքն ստեղծվում են նոր շրջաններ, կառավարությունները պետք է համապատասխան մոտեցումներ դրսեւորեն: Նման բարդ իրավիճակ այսօր Սիրիայում է, իսկ քաղաքական որոշում դեռ չի նշմարվում»,- ասել է Մորելը: Փոխարենը Սիրիայում եւ հարեւան երկրներում լուրջ խնդիր կա՝ փախստականները: «Ուստի Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է մինչեւ ձմեռ կոնֆերանսի անցկացման մասին, որպեսզի փորձեն Սիրիայի եւ հարեւան երկրների փախստականների հարցը լուծեն: Նույնը վերաբերում է Լիբանանին, որտեղ բնակչության մեկ երրորդ մասը կազմում են փախստականները»,- ընդգծել է Ռայներ Մորելը՝ հավելելով, որ դա կարեւորագույն հարց է ոչ միայն երկրի համար, որտեղ ծագում է, այլ այն պետությունների համար, որոնք ընդունել են այդ փախստականներին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր Գերմանիայի կառավարության պատրաստականության մասին նվազագույնը կես միլիարդ եվրո տրամադրել սիրիացի փախստականներին: Նրա խոսքով՝ միջոցները հատկացվելու են երեք տարվա ընթացքում գերմանիայի ԱԳՆ բյուջեից եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարությունից: 500 մլն եվրո նախատեսվում է հումանիտար նախագծերի համար Սիրիային հարեւան երկրների փախստականների օգնության համար: