Հայկական ուղղաթիռի անկման վայրում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հայկական կողմի կրակոցների արդյունքում Ադրբեջանի բանակը երկու զոհ է տվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարության աղբյուրները:
Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը՝ դիպուկահար: Նրանք փորձում էին մոտենալ խոցված ուղղաթիռին, սակայն հայկական կողմը կանխել է դա:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: