Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամ, լեյտենանտ Ազատ Սահակյանի հայրը ճանաչել է որդու մարմինը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին Ազատի հարեւանները։
«Ազատի մարմինը հետ բերելու լուրը լսելուց հետո շտապօգնության մեքենա էր եկել Ազատենց տուն, որովհետեւ նրանք փոքր հույսեր ունեին, որ իրենց որդին դեռ ողջ է»,-պատմեցին հարեւանները։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։
Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: