ԼՂՀ զինված ուժերը արեցին այն, ինչ պետք է անեին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը։
«Ես կարծում եմ, որ իսկական հերոսները, այն զինծառայողներն են,որոնք մտան այդ տարածք եւ չեզոք գոտուց դուրս բերեցին օդաչուների մարմինները»,-ընդգծեց Միքայել Հարությունյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։
Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: