Վրաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ մասնակցում են «Իսլամական պետության» մարտական գործողություններին, իսկ Վրաստանի ներկայիս իշխանությունները ոչինչ չեն անում, հայտարարել է ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ «Ռուսթավի2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
«Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ ուղարկվել են Սիրիա: Վրաստանի կառավարությունը, որը դեմքն է ծամածռում նրա համար, որ վրացիները կամավոր պայքարում են Ուկրաինայում՝ նրանց անվանելով սադրիչներ, վարձկաններ եւ «Ազգային շարժման» գործակալներ, ոչինչ չի ասում այն առիթով, որ բազում խորամանկությունների շնորհիվ վրացիներին Սիրիա են քշում պատերազմելու: Բնականաբար, սա Վրաստանի շահերից չի բխում», — հայտարարել է նա:
Ավելի վաղ վրացական մամուլում հաղորդվել էր, որ ԻՊ ջոկատներին մասնակցելու նպատակով վերջին տարվա ընթացքում Պանկիսի կիրճից Սիրիա են անցել 50-100 տեղի բնակիչ: Հայտնի է նրանցից ութի զոհվելու մասին:




























