Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը փետրվարի 8-ի երեկոյան խորհրդարանին է ներկայացրել իր կառավարության քառամյա ծրագիրը եւ խոստացել վերադարձնել հույն ժողովրդի հույսն ու արժանապատվությունը:
«Մենք իրատեսական ծրագիր ունենք, ունենք բանակցային ռազմավարություն եւ, ամենագլխավորը, մենք ոչ մի պարտավորություն չունենք, բացի ազգային շահերին ծառայելուց»,-ասել է Ցիպրասը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով՝ կստեղծվի վարկատուների հետ հուշագրերն ուսումնասիրող վերահսկիչ հանձնաժողով, պարզելու համար, թե ինչպես է երկիրը հայտնվել նման իրավիճակում: Ցիպրասը հայտարարել է, որ կառավարությունը հարգելու է եվրոպական պայմանագրերը, եւ ասել, որ պատրաստ է կոնկրետ պլան՝ իրատեսական առաջարկներով, որոնք կհանգեցնեն երկրի վերականգնմանը:
«Մենք նպատակ չունենք սպառնալ Եվրոպայի հավասարակշռությանը: Մենք հարգում ենք կայունության, բայց ոչ խիստ տնտեսության մասին համաձայնությունը: Կառավարությունն իրավունք չունի խնդրել երկարաձգել հուշագրերը եւ խիստ տնտեսության միջոցառումները»,-ասել է նա: