Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերաքննիչ ատյանի դատարանը ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցով որոշումը կհրապարակի մարտի 10-ին։ Հիշեցնենք, որ դատավոր Նորայր Գրիգորյանի նախագահությամբ դատական նիստը կայացավ փետրվարի 26-ին (ֆոտոռեպորտաժ)։
Փաստաբաններն ու պաշտպանյալները ներկայացրեցին իրենց բողոքները։
Դատախազ Կարեն Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեց այն ինքնաձիգի հետազոտության արդյունքները, որից սպանվել էր անչափահաս Սմբատ Ցականյանը։ Համաձայն առկա ապացույցների՝ Սմբատ Ցականյանին սպանել են այն ինքնաձիգով, որը ձերբակալման պահին հայտնաբերվել է Դիլհամ Ասկերովի մոտ։ Ըստ դատախազի՝ ազգային ատելության հողի վրա կատարված սպանության հանգամանքն ապացուցում է այն փաստը, որ Ասկերովը անչափահասին սպանելուց հետո Գուլիեւին ասել է. «Դու խղճում ես հայ տղային»։
Ինչ վերաբերում է Գուլիեւի ցուցմունքին, թե ինքը չգիտեր, թե որտեղ է գտնվում Քարվաճառը, դատախազը հիշեցրեց, որ Գուլիեւը՝ որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պետք է իմանար, որ հակառակորդի դիրքերից այն կողմ չի կարող չեզոք գոտի լինել։ Անդրադառնալով այն հանգամանքին, թե Սմբատ Ցականյանը իբր թե ինքնակամ է գնացել դիվերսանտների հետ, դատախազը նշեց. «Դժվար է պատկերացնել, որ 16-ամյա տղան ամեն ինչ թողել է եւ ինքնակամ գնացել է 3 անծանոթ տղամարդու հետ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:
Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի NEWS.am